«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամներն անդրադարձել են Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի Արցախում արված հայտարարություններին՝ նշելով, որ նման զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է:
Նրանք կոչ են արել խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել:
«Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։
Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։
Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերն՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։
Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին Հաջիևը տարել է Գանձասար և Դադիվանք՝ դրանք ներկայացնելով որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս:
«Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին` նշելով, որ Ստեփանակերտ այցելած և այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգում» լուսանկարված օտարերկրյա դեսպանները չպետք է դառնան Ադրբեջանի քաղաքական և քարոզչական պատումի մաս, որտեղ հայ բնակչության վտարման հետևանքները ներկայացվում են որպես «հաղթանակ» և «ազատագրում»։