Վարդանյանը՝ երդման տեքստի փոփոխման մասին․ Ի՞նչ նոր պայքար է համազգային նպատակների դեմ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեմ է արտահայտվել կառավարության անդամների երդման տեքստում առաջարկվող փոփոխությանը, որով նախատեսվում է հանել «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։

«Սա ի՞նչ նոր պայքար է սկսվել համազգային նպատակների դեմ»,– հարցրել է Վարդանյանը Աժ-ում կառավարության անդամների երդման տեքստում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանկ, հայտնում է Sputnik Արմենիան:

Գործող երդման տեքստը հետևյալն է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը փոփոխությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ «համազգային նպատակների» վերաբերյալ հասարակության տարբեր խմբերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ, իսկ դրանք հստակ ամրագրող որևէ փաստաթուղթ չկա։ «Հայրենիք» հասկացության վերաբերյալ նախարարի դիրքորոշումն այն է, որ այս դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է։

Քրիստինե Վարդանյանը հակադարձել է՝ պնդելով, որ իշխանությունն իրավունք չունի «հայրենիք» հասկացությունը սահմանափակել Հայաստանի Հանրապետության տարածքով։

«Հենց հիմա ՀՀ-ում ապրում է մոտ 150 հազար արցախահայ, որոնք ասում են, որ իրենց հայրենիքն Արցախն է։ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունը ներառո՞ւմ է։ Եթե չի ներառում, դուք ո՞վ եք և ի՞նչ իրավունքով եք այդ մարդկանց ասում, որ Արցախը ձեր հայրենիքը չէ»,– ասել է Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերին՝ հարց բարձրացնելով, թե այդ տրամաբանությամբ ինչպես պետք է ընկալվի հայրենիքի գաղափարն այն մարդկանց պարագայում, որոնք Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում չեն ծնվել։

Վարդանյանը չի համաձայնել նաև այն պնդմանը, որ «համազգային նպատակները» որևէ փաստաթղթում ամրագրված չեն։ Նրա խոսքով՝ դրանք արտացոլված են Անկախության հռչակագրում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը «համազգային նպատակներ» ձևակերպումից հրաժարվելը չէ, այլ հասարակության ներսում այն հիմնարար հարցերի շուրջ համաձայնության հասնելը, որոնց վերաբերյալ տարաձայնություններ չպետք է լինեն։

«Դա մեր ազգի հարատևումն է, մեր անվտանգության ապահովումը, մեր ինքնության պահպանումն ու շարունակական զարգացումը։ Սա է նպատակը, մնացածը միջոց է»,– ասել է պատգամավորը։

Վարդանյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև երդման տեքստը փոփոխելու նախաձեռնությունը։

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, ինչ տեքստի վրա ուզում է, թող երդվի։ Ուզում եք՝ ընդհանրապես երդվեք, որ պետք է գործեք միայն հանուն սեփական բարեկեցության»,– հայտարարել է նա։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր մի քանի պատգամավորներ իրենց ելույթներում ընդգծել են, որ իշխանական պատգամավորները չեն հիշատակել 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբինյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 27-ը սահմանվել է Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հարձակվել են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով։ Հայկական կողմն ունեցել է 224 զոհ։

«Լավ եք արել, որ մի ամբողջական օր եք նշել, որ մեր բոլոր զոհերի հիշակատը հարգենք։ Բայց ես չեմ հասկանում` պարտադիր է, որ Հայաստանի դեմ հարձակման օրը «ֆեստիվառով» կամ այլ բանով նշել։ Տարվա 365 օրվա մեջ այլ օր չկա՞ միջոցառումների համար»,– նշել է Վարդանյանը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ մայրաքաղաքում անցկացվել է Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի մրցաշարի վերջին՝ չորրորդ և եզրափակիչ երևանյան շրջապտույտը։

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարց է ուղղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ընթացքում, հայտնում է Panorama.am-ը:

«Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերն ու հասկացողությունները»,- հարցրել է նա:

Գալյանը պատասխանել է, որ նոր տեքստում ներառված է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն, ըստ նրա, իր մեջ ընդգրկում է հայրենիքը, ազգը և ժողովրդին։

«Կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասել է Գալյանը։

Նարեկ Կարապետյանն արձագանքել է՝ նշելով, որ «հայրենիքի հզորացում» ձևակերպումն այլևս ներառված չէ նոր տեքստում։

«Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, ինչը կարևոր ու պատասխանատու է կառավարության անդամի հետ կապված, դուրս է եկել։ Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել»,-ասել է նա:

Ի պատասխան՝ Գալյանը նշել է, որ համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։

Leave a comment