Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին (PAN.am)

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Վերադարձված հողատարածքների թիվը հասել է 10-ի՝ ընդհանուր 5234․48 քմ մակերեսով:

Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում տարբեր անձանց հողամասեր տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ Սիսականի փողոց 2/1 հասցեում գտնվող 0․03 հա մակերեսով հողատարածքն օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի։

Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրով սահմանված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ։

Միջնորդագրի հիման վրա Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինները համապատասխան քայլեր են ձեռնարկել, ինչի արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0․03 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 563 հազար դրամ, իսկ այն վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք։ Այգում գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքի պայմանագրերով հատկացվել են 17 անձի։

Դատախազական ներգործության շնորհիվ մինչ այժմ նշված զբոսայգու տարածքից Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված՝ ընդհանուր 5234․48 քմ մակերեսով 10 հողատարածք։ Դրանց մակերեսները համապատասխանաբար կազմել են՝ 0․03 հա, 0․03 հա, 0․05308 հա, 0․0450 հա, 0․05 հա, 0․0451 հա, 0․08 հա, 0․02 հա, 0․0402 հա և 0․13 հա։

Միաժամանակ շարունակվում են ևս 9 անձի տրամադրված 10 հողատարածքները Սիսիան համայնքին վերադարձնելու աշխատանքները։

Leave a comment