«Որևէ մեկը չի կարող չնկատել, որ ՀՀ-ՌԴ նոր որակի, բովանդակային հարաբերություններ են, որտեղ քննարկումը բազմազան օրակարգի շուրջ է։ Եթե ՌԴ-ի կողմից առաջարկ կա ռազմաբազան դուրս բերելու, ՀՀ-ն դրան դեմ չի լինելու»,-փաստմանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ եթե Հայաստանը համարում է, որ 102-րդ ռազմաբազան իրեն պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս դիրքորոշումը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ կոշտ արձագանք չկա Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի այն տեսանյութին, որտեղ, երբ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի, առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել է, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Սոնա Ղազարյանն ի պատասխան ասաց, որ այդ առումով սատարում է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարություններին, որ դրանք չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը․ «Ոչ միայն չեն օգնում, այլ անհիմն են։ Մենք ակնկալում ենք նաև, որ երկու կողմերը հավասար հոգատարությամբ հանդես կգան խաղաղության վերաբերյալ՝ հատկապես նկատելով, թե որքան է փոխվել հատկապես ադրբեջանական կողմի մոտեցումը»։
Հարցին՝ արդյոք խաղաղության հիմքը ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ ոչ միայն այս, այլ ադրբեջանական կողմի տարբեր այլ հայտարարություններ չեն բերում իրական խաղաղության, ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց․ «Որպես քաղաքացի ձեր անհանգստությունը, զգացումները հասկանում եմ, բայց մենք՝ որպես խորհրդարան պետք է նկատենք այն առաջընթացը, որ առկա է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք ունեցել ենք կոնֆլիկտ, ծանր պատմություն, բայց ՀՀ-ն և Ադրբեջանը կարևորագույն հարցերի շուրջ եկել են համաձայնության։ Երկու երկրները կառուցել են այնպիսի հարաբերություններ, որտեղ նման հարցերի քննարկումը թողնված է դիվանագետներին և ոչ թե զինվորներին։ Երկու երկրները ջանք են ներդրել կառուցելու այնպիսի միջավայր, որտեղ խաղաղությունն առկա է, կարիք ունի ինստիտուցիոնալացման։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է։ Առաջարկում եմ խնամքով վերաբերվել խաղաղությանը»։
Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին՝ Սոնա Ղազարյանն ասաց․ «Նման հայտարարություններ պարբերաբար արվել են։ Վստահեցնում եմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այնպիսի միջավայրում են, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել»։ Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն՝ որ գազը թանկանա, աշխարհի վերջը չի լինի՞, Սոնա Ղազարյանն արձագանքեց․ «Գազի գնի թանկացումը, Լարսում խնդիրները, մեր ապրանքների արտահանման արգելքը, դրանք սանկցիաներ են, որոնց գինը մեր ինքնիշխանության պահպանումն է, և կա գին, որը մենք պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ անկախության և ինքնիշխանության։ Հայ ժողովուրդն ունի այն հավաքական իմաստնությունը, որով կարողանում է հարցերին մոտենալ։ Իսկ գազի գնի բարձրացման մասին նման բան չգիտեի։ Մենք ամեն բան անելու ենք, որ սպասարկենք ՀՀ շահը։ Մի կենտրոնից կախվածությունն այն ամենամեծ վտանգն է, որի հաղթահարման ուղղությամբ մենք ամեն բան անելու ենք»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: