Սիմոնե Ռականին՝ «Tour of Armenia»-ի հաղթող (PAN.am)

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի առաջին մրցաշարն ավարտվել է Երևանում, իսկ ընդհանուր հաշվարկի հաղթողի կոչմանն արժանացել է իտալացի Սիմոնե Ռականին։

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև «Tour of Armenia»-հաղթողի կոչմանը: Մրցանակները նրան հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը:

Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը:

«Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլն անցկացվել է Երևանում: Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կազմել է 94 կմ: Մրցումային 4-րդ օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից:

Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին է արժանացել Լեոնարդո Վեսկոն (Իտալիա):

Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին է արժանացել Քևին Բիելը (Դանիա):

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել «Tour of Armenia» առաջին մրցաշարի հաջող անցկացման առիթով:

«Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ մրցաշարը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել:

Հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից: Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան մոտ 177 կմ երկարությամբ երթուղին։ Երրորդ օրն անցել է Երրորդ՝ Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ երթուղով:

Leave a comment