Ոճայինները հայկական ֆուտբոլում. ԲԿՄԱ-ի մարզաշապիկների վրա հայկական միջնադարյան նոտրգիրի եւ ակումբի ինքնության մասին

ԲԿՄԱ-ի՝ Հայաստանի բարձրագույն խմբի նոր մրցաշրջանի մարզահագուստը որոշակի հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում։ Պատճառը ֆուտբոլիստների ազգանունների գրությունն է, որն իրականացվել է հայերենով՝ միջնադարյան նոտրգիր տառատեսակով։ «Առավոտ» օրաթերթի թղթակից, լուսանկարիչ Հարություն Ծատրյանը զրուցել է ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ՝ պարզելու յուրահատուկ նախաձեռնության մանրամասներն ու ակումբի ռազմավարությունը՝ մարզաշապիկների վաճառք իրականացնելու առումով։

– Մրցաշրջանի սկզբում տեսա ԲԿՄԱ-ի նոր մարզահագուստի և ֆուտբոլիստների անվան հայերեն գրության մասին Ձեր հրապարակումը։ Բավականին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվել։ Հնարավո՞ր է արդյոք մարզահագուստը ձեռք բերել ակումբից (ֆանշոփ) կամ մարզաշապիկներ վաճառող այլ խանութներից։

– Առայժմ ԲԿՄԱ-ն չունի ֆանշոփ կամ պաշտոնական խանութ։ Մեր մարզաշապիկները երբեմն փոքր քանակով հնարավոր է գտնել «Արենա Սպորտ» խանութում, բայց նոր մրցաշրջանի մարզաշապիկը դեռ էքսկլյուզիվ է՝ միայն մեր ֆուտբոլիստների համար։ Վերջին շրջանում շատ ենք մտածում մեր մարզաշապիկների և այլ ֆուտբոլային ատրիբուտների վաճառքի կազմակերպման մասին, սակայն որոշակի կազմակերպչական հարցերի պատճառով հետաձգում ենք։ Մեր ակումբը չունի շուկայագետ, մասնագետ, որը կզբաղվի նման հարցերով։ Իսկ մեր թիմը, մենք ավելի շատ կենտրոնացած ենք ընթացիկ առաջնությունների, ակումբի ընթացիկ գործերի և զարգացման ծրագրերի վրա, ուստի առայժմ վաճառքի շուրջ բավարար ջանք չենք գործադրել։

– Ինչպե՞ս կայացվեց որոշումը, որ մարզահագուստի վրա պետք է գրվի հայերեն (այլ ոչ թե, օրինակ, անգլերեն, ինչպես այլ ակումբների դեպքում է)։ Կարծես Առաջնության կանոնակարգում չկա որևէ պարտադիր կետ այդ մասին։

– Գաղափարը՝ հանդես գալ մարզաշապիկների վրա հայկական միջնադարյան նոտրգիր տառատեսակով, իմն է, որը քննարկել եմ մի քանի գործընկերների հետ։ Շատ ոգևորված փնտրել ենք համապատասխան տառատեսակ և ընտրել հենց այս մեկը։ Նախորդ մի քանի մրցաշրջաններում մարզաշապիկների վրա ազգանունների տպագրությունն անում էինք հայերեն, պարզապես այս մրցաշրջանում որոշեցինք ընտրել յուրահատուկ տառատեսակ։ Առաջնության կանոնակարգով հատուկ սահմանում չկա․ թույլատրելի են և՛ հայերեն, և՛ անգլերեն տարբերակները։ Մեզնից առաջ, ինչպես գիտեք, Գյումրիի «Շիրակն» էր հանդես գալիս հայերեն գրվածքով և մինչև հիմա էլ շարունակում է։ 2026-2027 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի երկու թիմերը՝ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում, հանդես կգան այս գեղեցիկ, յուրահատուկ, մեր ազգին բնորոշող և արմատների հետ կապ ունեցող տառատեսակով։

– Ֆուտբոլիստների հետ նման հարցերը քննարկվո՞ւմ են, թե՞ոչ, և եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել իրենց արձագանքը։

– Որոշում կայացնելուց առաջ հարցը ֆուտբոլիստների հետ չի քննարկվել, բայց ընթացքում նրանց ցուցադրել ենք, թե ինչպես է ստացվում, ինչ գաղափար ունենք։ Մինչև բուն տպագրությունը արհեստական բանականության գործիքների միջոցով տեղադրել էինք ազգանունները շապիկների վրա։ Բայց ֆուտբոլիստներին ցուցադրելը եղել է ոչ թե նրա համար, որ տատանվել ենք որոշման հարցում, այլ ավելի շատ ոգևորված լինելով՝ ցանկացել ենք ցույց տալ ընթացքը։ Դա մեր որոշման վրա ազդեցություն չէր թողնելու։

Կան բաներ, որոնց պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի ակումբը․ դրանք ռազմավարական, արժեքային հարցերն են, կրթական ուղենիշները։ Եթե որևէ մարզիկ դեռ չի պատկերացնում դրա կարևորությունը, խորությունը, արմատներին ու ինքնությանն առնչվելու անհրաժեշտությունը, ակումբն է, որ պետք է այդ ուղղությունը տա և իր հետևից տանի։ ԲԿՄԱ-ն այլ ակումբներից ֆուտբոլիստներ ներգրավող ու ձևավորվող ակումբ է, ինչը նշանակում է, որ ամեն ֆուտբոլիստ կրողն է իր մայր ակումբի փիլիսոփայության։ Այստեղ՝ ԲԿՄԱ-ում է, որ պարտադիր են դառնում ազգային հարցերը՝ մշակույթի, հիշողության, հարգանքի, կրթության և զարգացման իմաստով։

Եթե Հայաստանի ազգությամբ հայ որևէ ֆուտբոլիստ խնդիր ունի իր ազգային մշակույթի ու ինքնության հետ առնչվելու, կարծում եմ՝ տվյալ ֆուտբոլիստը և ակումբը նույնպես մեծ խնդիր ունեն։ Իմ ներկայությամբ մեր ֆուտբոլիստները դրական են արտահայտվել այս նորամուծության մասին, ու ես վստահ եմ, որ որևէ մեկը դեմ չէ այս մարզաշապիկով ներկայանալուն, խաղալուն։ Ուրախ եմ, որ կայացրել ենք այս որոշումը։

– Իսկ ինչպե՞ս է կարգավորվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ Ձեր համագործակցությունն ու մարզաշապիկների հաստատման գործընթացը։ Արդյո՞ք նրանք են վերջնական որոշում կայացնողը։

– Որպես ակումբի տնօրեն՝ ունեմ ստեղծագործական և կառավարչական մեծ ազատություն ու ինքնուրույնություն։ Կան հարցեր, որոնց շուրջ ՀՖՖ-ում քննարկում ունենում ենք, բայց սա հենց ակումբի ներսում ընդունված որոշում է։ Գաղտնիք չէ, որ ԲԿՄԱ-ն ՀՖՖ-ի կողմից ստեղծված ակումբ է և ունենք օրգանական կապ, բայց կառավարչական տեսանկյունից արդյունավետ է, երբ ենթակառուցվածքներն ունեն ինքնուրույնություն և բոլոր հարցերով չեն ծանրաբեռնում մեկ կենտրոնին։

Ֆեդերացիան աջակցում է մեզ մարզաշապիկների հարցում․ տեղյակ եք, որ «Macron» ընկերությունը ՀՖՖ-ի գործընկերն է, և այդ միջոցով լուծում ենք հարցը։ Գովազդների մասով ենթարկվում ենք նույն կանոնակարգին, ինչ մյուս ակումբները։ Ավելին, եթե գործընկեր կազմակերպություն փնտրենք, պետք է հասկանանք, թե որտեղ են մեր արժեքները միանում, գաղափարական առումով համընկնում։

Ինչ վերաբերում է տեխնիկական կողմին՝ ֆեդերացիան չի կարող ստուգել բոլոր մարզաշապիկների տպագրության ճշգրտությունը։ Սակայն, ըստ պարտադիր կանոնակարգի, մինչև առաջնության մեկնարկը բոլոր ակումբները Ֆուտբոլի կառավարման համակարգում տեղադրում են մարզաշապիկների (տան, մրցակցի հարկի տակ, երրորդ հավաքածուի և դարպասապահների) էսքիզ-լուսանկարները, որպեսզի ՀՖՖ-ն ծանոթանա խաղային գույներին։

Լուսանկարները՝ ԲԿՄԱ ակումբի պաշտոնական կայքի

Հարցազրույցըի Հարություն ԾԱՏՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment