Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է

Հասարակություն

12.09.2026 | 23:46

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։

Կատարվում է նախաքննություն։

Leave a comment