«Մենք գիտենք, որ դուք փոխել եք սպառազինության գնման պլանը, որտեղ ներառել էինք դրոնների գնում, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչեւ 2020 թվականը». Հայկ Մամիջանյանի պատասխանը Արմեն Գրիգորյանին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձել է նախկին ԱԽՔ  Արմեն Գրիգորյանի` երեկ արած հայտարարություններին։

«Իմ գործընկերներն անդրադարձել են, բայց հարկ համարեցի ես էլ մի քանի կետով հիշատակել նախկին պաշտոնյային։

Նախ, ինքը հանդգնում է խոսել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ու ասում մի բան, որ անգամ ադրբեջանցիները չեն ասում։ Միլիոն անգամ ամենատարբեր մակարդակներով, այդ թվում նաեւ նախագահի մակարդակով ասվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտ խնդրել է ադրբեջանական կողմը։ Սրա վերաբերյալ հերքում կամ կես բառ նույնիսկ ակնարկ, որ որեւէ այլ պատմություն կա, չի հնչել ոչ Ադրբեջանից, ոչ Ռուսաստանից։

Ուզում եմ պատկերացնեք՝ Արմեն Գրիգորյանը ավելի շատ է անհանգստանում ադրբեջանական թեզերի կամ Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները։ Որովհետեւ փաստ է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով է տեղի ունեցել ռազմական գործողությունների ավարտը։ Սա հերքել հնարավոր չէ։ Սա փորձում է հերքել միայն Արմեն Գրիգորյանը՝ ասելով, թե իբր ինչ-որ խոստումներ են եղել։

Բայց եկեք հիշենք՝ ինչ է տեղի ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Եղել են Վիեննա-Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք դուք, կներեք բառիս համար, «փոզմիշ» արեցիք, որոնք հայ զինվորի կյանքն էին ապահովագրելու շփման գծում։ Դա առաջինը։

Եվ երկրորդ․ մոռացե՞լ եք ՀԱՊԿ-ի հայտարարությունը։ Էդ ո՞նց եղավ, որ ձեր բանակցելով ՀԱՊԿ-ը մինչեւ վերջին վայրկյանը պատրաստում է ինչ-որ հայտարարություն, ձեր ԱԳՆ-ն էլ մասնակցում է գործընթացին։ Ու վերջին վայրկյանին դուք ասում եք՝ չէ, մեր շահերն այդ հայտարարության մեջ չեն արտացոլվել։ Ու չեք ստորագրում այդ հայտարարությունը Երեւանում։ Իսկ քառօրյա պատերազմից հետո էլի Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էլի ընդունվեց շատ չոր, շատ կոշտ, հասցեական հայտարարություն։

Այդ ի՞նչ փոխվեց։ Դուք։ Որովհետեւ մնացած ամեն ինչը նույնիսկ անձերի մակարդակով գրեթե նույնն էր։ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները մեծամասամբ անփոփոխ էին մնացել։

Խոսել ապրիլյանի մասին իբր որպես պարտություն, ինչպես դա արել եւ անում են Արմեն Գրիգորյանը ու իր թիմակիցները, անընդունելի է։ Հիշեցնեմ, իրենք պայքարում են, որպեսզի ապրիլյան քառօրյա պատերազմը ներկայացնեն պարտություն, թեպետ դա հաղթանակ է։ Մենք կասեցրինք հակառակորդի հարձակումը։ Հայոց բանակը կասեցրեց։ Պաշտպանության բանակը կասեցրեց հակառակորդի հարձակումը։ Իսկ դուք դա փորում էիք ու շարունակում եք փորձել որպես պարտություն։

Ինչպես հայտնի է, այդ ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի վերահսկողությունից դուրս եկավ 400 կամ 800 հա տարածք։ Իրականում, ճիշտ հաշվարկի պարագայում 400 հա է։ Գուցե մեր հայրենակիցների մի մասը մոռացել է դպրոցական մաթեմատիկայի կուրսը։ Ես մի փոքր թարմացում անեմ։ 400 հեկտարը 4 քկմ է։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ձեր կառավարման ընթացքում, ձեր պաշտոնական տվյալներով  արդեն քանի տարի 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Հիմա եւս մեկ անգամ փաստե՞նք, որ դուք պարտության եք մատնել Հայաստանի Հանրապետությունը։

Ի՜նչ եք երգեր երգում ապրիլյանի մասին։ Նույնիսկ չեմ էլ հիշատակում, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ որպես պատգամավոր գնացել էր Արցախ, ինտերվյու ունի տված։ Եթե չեմ սխալվում «Երկիր Մեդիայի» հարցին՝ արդյոք շտկվել են շփման գծում առկա խնդիրները, բացթողումները, որոնք ի հայտ էին եկել քառօրյա պատերազմի ընթացքում, ինքը հաստատակամ պատասխան է տալիս, որ խնդիրները շտկվում են կամ շտկվել են։ Այնպես որ, եկեք իրար հետ հասկանանք։  Մի մարդ, ում քաղաքական թիմը հանձնել է Արցախը եւ հանձնել է ՀՀ սուվերեն տարածքից, համենայն դեպս, այս պահին գտնվում է օկուպացիայի տակ, պաշտոնական տվյալներով շուրջ 200 քկմ, իրավունք ունի՞ խոսել մի իրադարձության մասին, որի ժամանակ հայկական կողմի վերահսկողությունից դուրս է եկել շուրջ 4 քկմ տարածք։ Կարեւորելով հայ զինվորի կյանքը՝ նախագահ Սարգսյանը հակահարձակման հրաման այդտեղ չի տվել զոհերից խուսափելու համար։ Իսկ դուք 44-օրյա պատերազմի ընթացքում խայտառակ մի օպերացիա էիք կազմակերպել Լելե-Թեփեն հետ գրավելու, իբր, հետ ազատագրելու համար; Հույս ունեիք գլուխ գովալ հերթական անգամ հայ զինվորի կյանքի հաշվին քարոզչություն անելով։

Անդրադառնամ նաեւ օգոստոսի 8-ի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի ասածներին։

Առաջին․ մի քանի օր առաջ World Street Journal-ում մի հոդված էր հրապարակված, որտեղ խոսվում էր, թե ինչպես են բանակցություններ տեղի ունեցել ինչպես են հայկական կողմին համոզել։ Եվ պարզվում է, որ դա կապ ուներ հայկական կողմին արհեստական բանականության գործարանի եւ որոշ տեխնոլոգիաների փոխանցման հետ։ Սա է ձեր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը։

Արմեն Գրիգորյանը մի կետի մասին էլ խոսեց, փորձում էր ներկայացնել՝ իբր ոչ մի երաշխավոր պետք չի մեր հարեւանների հետ շփումների ժամանակ։ Իմ տեղեկություններով բանակցային գործընթացի շրջանակներում իրենք ի սկզբանե փորձել են համոզել ԱՄՆ-ին, որպեսզի իրենք լինեն այդ գործարքի, պայմանագրի երաշխավորը։ Դա իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով չի եղել։ Նորից եմ ասում, սա իմ ունեցած տեղեկությունների հիման վրա է։ Եվ արդյունքում, բոլորս գիտենք, ամերիկյան կողմը եղավ ընդամենը վկա։

Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե երաշխավորի ինստիտուտը այդքան վատ բան է, ինչո՞ւ էիք դուք փորձում, որպեսզի ԱՄՆ-ը երաշխավոր լինի։ Եվ դա չկարողանալուց, ձախողելուց հետո սկսել եք երգեր երգել, որ դե չէ, ի՞նչ երաշխավորի ինստիտուտ, որեւէ խնդիր չկա, տնտեսական կապեր եւ այլն, եւ այլն։

Այստեղ կա երկու տարբերակ։ Տարբերակ մեկ․ իմ տեղեկությունները ճիշտ են, եւ դուք իրապես փորձել եք որպես երաշխավոր ներգրավել ԱՄՆ-ին։ Դա ձեզ չի հաջողվել։ Ու հետո ինչպես միշտ, սկսել եք հետողորմեայով երգեր երգել։ Տարբերակ երկու։ Դուք չեք էլ փորձել դա անել։ Ի սկզբանե հույսը դրել եք միայն տնտեսական կապերը որպես երաշխիք ներկայացնելու տրամաբանությունը։

Այդ պարագայում դա ուղղակի պետական դավաճանություն է։ Ուղղակի պետք է դատվեն այն մարդիկ, որոնք եղել են այդ բանակցությունների մասնակից եւ չեն փորձել գոնե հավելյալ անվտանգային երաշխիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետությանը։

Ստի ոտքը շատ կարճ է։ Այս բոլոր իրադարձությունները եղել են մեր կյանքի ընթացքում։ Սրանք պատմական իրադարձություններ են, բայց պատմություն դեռ չեն դարձել։ Մենք այս բոլորը ապրել ենք։ Մենք գիտենք, որ դուք հանձնել եք Արցախը։ Մենք գիտենք, որ դուք ձեր քաղաքական դիվիդենտի համար, որ ձեզ դավաճան չհանեն, ձեր իսկ պնդմամբ շուրջ հազար հայ զինվորի կյանք եք մատաղ արել։ Մենք գիտենք, որ դուք փոխել եք ռազմական գնումների, սպառազինության գնման պլանը, որտեղ մենք ներառել էինք դրոնների գնում, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչեւ 2020 թվականը։ Բայց դուք դրա տեղը սելֆիի ՍՈՒ-եր առաք, որոնք մինչ օրս որեւէ օգուտ չեն տվել Հայաստանի անվտանգությանը։ Դա է իրականությունը։

Հաջորդ անգամ այստեղ-այնտեղ ինտերվյուներում ստեր ասելուց միշտ հաշվի առեք, որ լինելու են դրանց պատասխանները»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment