«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեռ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։
Վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը։ Իսկ ինչ ապօրինի պետհամարանիշի մասին է խոսքը, ինչպես է այն հասել Սարգսյան Հայկին և ինչ պատմություն կա այս առնչությամբ։
Irakanum.am-ին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես խոսքը՝ 36 UD 994 պետհամարանիշի մասին է, որը օպերատիվ է եղել և տրամադրված է եղել կառավարության աշխատակազմին, այն ժամանակ, երբ Սարգսյան Հայկի ջևիկ եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը եղել է վարչապետի օգնականը։ Բայց, երբ որոշում է եղել ի թիվս այլ օպերատիվ համարների, դա ևս «մարել» և հանձնել Ներքին գործերի նախարարությանը, Նաիրի Սարգսյանը դա չի արել, փոխարենը տվյալ օպերատիվ համարները, որոնք մարվելուց հետո համարվել են կեղծ տրամադրել է եղբորը, որն էլ «փակցրել» է Մերսեդես մակնշի ավտոմեքենայի վրա և շրջել, այդ թվում գնացել աշխատանքի՝ Ազգային Ժողով, ապա նաև՝ ՔՊ նիստերին։ Այսքանով, սակայն կեղծ համարներով Սարգսյանի «գաստրոլնները» չեն ավարտվել։Երեկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայկ Սարգսյանի հայտարարություններին, նշել էր, որ հարաբերությունների լարման պատճառ է դարձել նաև այն հանգամանքը, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով Հայկ Սարգսյանը ՀՀ-ում շրջել է որպես արտոնյալ։ «Օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է, և երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս դրվագների առնչությամբ ևս Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ մեկ անգամ չէ, որ Հայկ Սարգսյանն ու նրա օգնականը հայտնվել են պարեկների ուշադրության կենտրոնում։ Հերթականներից մեկի ժամանակ Հայկ Սարգսյանն անձամբ է զանգել այդ ժամանակվա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, որպեսզի պարեկները օրենքով սահմանված կարգով խախտումը չարձանագրեն։ Այս մասին, հետո տեղեկացել է Նիկոլ Փաշինյանը ևս դա նույնպես դարձել է պատճառ, որ Արամ Հովհաննիսյանը պաշտոնանկ արվի։ Մեկ այլ օր էլ Հայկ Սարգսյանի օգնականն է հայտնվում պարեկների ուշադրության կենտրոնում, չի կատարում ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջները, ինչի պատճառով էլ ձերբակալվում է։
Հիմա այն մասին, թե կեղծ համարանիշներով մեքենա վարելուց որքան տուգանք է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ՆԳՆ-ին հետագայում հաջողվել է նույնականացնել միայն վերջին վեց ամսվա տուգանքները, որը կազմել է 1.8 մլն դրամ։ Ցանկացած քաղաքացու, հատկապես վարորդի պարզ է, թե որքան խախտում պետք է անի Հայկ Սարգսյանը, կամ այդ ժամանակ տվյալ մեքենան վարողը, որ վեց ամսում շուրջ 2 միլիոն դրամի տուգանք լինի։ Նշենք, որ Հայկ Սարգսյանի կողմից կեղծ համարանիշներով երթևկելու փաստը պարզ է դառնում, երբ նրան ՔՊ վարչության նիստում հայտարարվում է նկատողություն։
Irakanum.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկության այն մասին, որ Հայկ Սարգսյանը շուրջ 1.8 մլն դրամ վճարում է կատարել իրավախախտումների համար։ Ինչ վերաբերում է այդ Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Քննչական կոմիտեից էլ Irakanum.am-ի հետ զրույցում հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել արդյո՞ք Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվելու վերաբերյալ մեր տեղեկությունները։
Հավելենք, որ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայկ և Նաիրի Սարգսյանններից, սակայն զույգ եղբայրները մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Ամեն դեպքում պատրաստ ենք հրապարակել նաև վերջիններիս արձագանքը։
Irakanum.am