Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։
Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու առիթով՝ առանձնակի կարևորելով ուխտավորների՝ Հայոց Եկեղեցու սրբություններին, հոգևոր ավանդությանն ու մշակույթին հաղորդակից դառնալու այս հնարավորությունը։ Ներկայացնելով «L’Œuvre d’Orient»-ի շուրջ 170-ամյա գործունեությունը՝ Նորին Սրբազնությունը տեղեկություններ փոխանցեց Արևելքի քրիստոնեական համայնքներին աջակցման ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու հետ կազմակերպության պատմական կապերի մասին։
Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու առաքելական ակունքներին ու ազգապահպան առաքելությանը՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։
Խոսելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ պատմության դժվարին հանգրվաններում Հայաստանին զորավիգ լինելու առնչությամբ։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց նաև «L’Œuvre d’Orient» կազմակերպության մարդասիրական առաքելությունն ու հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մաղթելով բարի կեցություն Հայաստանում և վստահություն հայտնելով, որ նրանք հայրենիք կվերադառնան հայոց հոգևոր սրբություններից ներշնչված ու ջերմ տպավորություններով։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Գարեգին Երկրորդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: