«Արցախի մեդիայի ձայները»․ պատերազմ ու լրատվություն

Ցանկացած իրադարձության ժամանակ շատ կարևոր դեր ունի տեղեկատվությունը, որը հիմնականում ապահովում են լրատվական կառույցները։ Նույն լրատվության դերն առավել կարևոր է պատերազմների, հակամարտությունների օրերին, դրանից հետո։

Սեպտեմբերի 11-ին Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ լրագրող Անի Մանգասարյանի հեղինակած «Արցախի մեդիայի ձայները» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը։

Դահլիճում հանդիսատեսի մի մասն արցախցիներ էին, որոշները՝ ֆիլմի հերոսներ։ Ֆիլմի հեղինակ Անի Մանգասարյանը ողջունեց ներկաներին, ասաց․ «Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Արցախի տեղեկատվական դաշտի երեք հենասյունների՝ «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթի, Արցախի հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի պատմությունն ու գործունեությունը հակամարտության պայմաններում:

Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում»:

Նշեց նաև՝ Արցախում գործում էին նաև շրջանային, մայրաքաղաքային, տարբեր կառույցների թերթեր, սակայն ֆիլմում հիմնականում այդ 3 լրատվական կառույցների աշխատանքն է ներկայացված։ Ինչպես գիտենք՝ «Ազատ Արցախ» թերթն ավելի քան մեկ դարի պատմություն ունի։ Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակվել 1988-ի հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։  1928-ից  գործել է Արցախի ռադիոհանգույցը։

Շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, բարերարներին, շնորհանդեսի կազմակերպչին, ֆիլմի ստեղծագործական խմբի աշխատակիցներին (ռեժիսոր` Հրայր Ավետիսյան, oպերատոր` Տիգրան Գասպարյան, անգլերեն թարգմանությունը` Անի Մեժլումյանի)։

Իր ելույթում «Դիալոգ» ՀԿ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանն ասաց․ «Այս ֆիլմը մասնագիտական և քաղաքացիական խիզախության մասին է։ Մարդկանց մասին է, ովքեր աշխատում էին լայն լսարանի համար, ոչ միայն արցախյան, այլ՝ միջազգային։ Եվ տասնյակ տարիների ընթացքում ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան խիզախել են։ Այս պահին շատերը դահլիճում են, իմ հարգանքն ու գնահատանքը, սիրելի ընկերներ․․․»։

Խոսելով ֆիլմի հերոսների՝ նույն լրատվական կառույցների աշխատակիցների մասին` Յու․ Նավոյանն անդրադարձավ ֆիլմում Արցախի հանրային հեռուստատեսության տնօրեն Մերի Դավթյանի խոսքին, որը շատ լավ բնութագրում է՝ Արցախի մեդիան, հատկապես հեռուստատեսությունը միշտ աշխատել են այն գիտակցությամբ, որ գործում են հակամարտություն ունեցող երկրում, և դա մեծ պատասխանատվություն է։

Իսկ Արցախի վաստակավոր լրագրող Նվարդ Ալեքսանյանն իր խոսքում ասում է․ «Գտնվելով դժվար պայմաններում՝ լրագրողները հասարակության մի մասն են և մեծ պատասխանատվություն են կրել ամեն եթերից առաջ կամ գրավոր, կամ բանավոր խոսքում»։

Յու․ Նավոյանն ասաց նաև՝ ֆիլմը շատ սուր է լրագրողական իմաստով, բայց միաժամանակ շատ կոռեկտ է ու շատ զուսպ, և Անի Մանգասարյանին հաջողվել է մեկտեղել այդ 2 հանգամանքը։

Ավարտելով խոսքը՝ Յու․ Նավոյանը տեղեկացրեց նաև՝ իր ղեկավարած կառույցի կազմակերպմամբ ու հովանավորությամբ սեպտեմբերի ընթացքում Երևանում տեղի կունենան Արցախի վերակազմավորված մշակութային խմբերի մի շարք ելույթներ։

Մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված է Արցախի պատմությունը՝ սկսած հիմնականում 1988-ից։ Արցախյան ազատագրական շարժում ու պատերազմ, պատերազմ։ Առաջին գոյամարտ, սադրանքներ սահմանում, 2014 թվական, երբ լարված էր առաջնագծում, 2016-ի «Քառօրյա» կոչվածը, որը մի քանի ամիս տևեց։ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված առավել ահավորն ու դրան հաջորդող ողբերգական իրադարձությունները, մինչև Արցախի հայաթափումը։

Եվ այս ամենի միջով անցել են լրագրողները, հանրությանը ներկայացրել կատարվածի մասին։ Լինելով լրագրող ու մասնակից նույն իրադարձություններին՝ լավ եմ հասկանում՝ ինչպես պետք է գործեր մեդիայի ներկայացուցիչը։ Նկարահանումներ իրականացնել ռազմի դաշտում հեշտ չէ, բայց աշխատել են արցախցի լրագրողները, և նրանց մասին է պատմում գործընկերն իր հեղինակած ֆիլմում։ Առավել հուզիչ են կադրերը, երբ թշնամու կողմից ռմբակոծվում է որևէ բնակավայր, հատկապես մայրաքաղաքը, ու բնակչության վիճակը․․․ վիրավոր երեխաներ, պայթող արկերի բեկորներից վնասված մարդիկ՝ սարսափած դեմքերով, ու պատերազմի արհավիրք ամենուրեք։ Անհնար է չհուզվել։ Մեր պատմության մի հատված է, հերոսական ու ժամանակավոր հայաթափ Արցախով։ Ֆիլմում նշված 3 լրատվական կառույցների շատ աշխատակիցներ են պատմում իրադարձությունների մասին։

Արցախի հանրային հեռուստատեսության ճանաչված լրագրող Նորայր Հովսեփյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ի և հետագա օրերի իրադարձությունների մասին, երբ  թշնամին լայնածավալ ռմբակոծում էր 2020թ․ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրից հետո հայկական մնացած Արցախի բնակավայրերը, ասում է․ «Մենք չգիտեինք, կենդանի կապ չկար՝ թշնամին ինչքան է առաջ եկել, չգիտեինք Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակչության վիճակն ինչպիսին է։ Կային մարդիկ, ովքեր գիտեին՝ ինչ է կատարվում, բայց մենք այդ օրերին այդ մարդկանց չտեսանք։ Ճիշտ կլիներ, որ այդ մարդիկ հանդես գային և բացատրեին՝ ինչ է կատարվում»։

Ավարտվեց ֆիլմը, վառվեցին լույսերը, ու հանդիսատեսի մեծ մասի աչքերն արցունքոտ էին․․․ Կարոտ ու ծանր հիշողություններ․ շատերն էին անցել դժոխային օրերի ճանապարհով, ունեցել հարազատների, մտերիմների կորուստ։ Նշված մեդիաները նաև ինձ են հարազատ։ 1991-ին ավարտեցի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, և իմ դիպլոմայինի թեման էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթն ու վերակառուցումը»։ Իսկ Արցախի Քաշաթաղի շրջանում բնակվելու տարիներին նաև թղթակցել եմ նշված մեդիաներին, հարազատ օջախ էին նաև ինձ համար։ Մնայուն աշխատանք է ներկայացված ֆիլմը, որը ցանկալի է թարգմանվի նաև ռուսերեն ու այլ լեզուներով։

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաներից շատերը ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերում իրենց կարծիքն են հայտնել։

Մարգարիտա Գիշունցը գրել է․ «Անի Մանգասարյանի, պարոն Հրայր Ավետիսյանի և Տիգրան Գասպարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Կինոյի տան մեծ սրահում ցուցադրված ֆիլմը բոլորիս մասին էր։ Նրանք, ովքեր այդ պահին դահլիճում էին և մինչև ֆիլմի սկսվելը՝ հասցրել էին իրար բարևել, դիտումից հետո` երկար ժամանակ, հաղորդակցվում էին արցունքներով։ Դահլիճ այդպես էլ չհասածները, անշուշտ, շատ կարևոր բան բաց թողեցին, բայց Անին բոլորի ձայնն էր լսելի դարձրել. ինչպես միշտ ամեն ինչ հաշվի էր առել։  Դժվար չէ խոսել մի արժեքի մասին, որի ստեղծողը քո ավագ ընկերներն են, շարունակողը` քո սերնդակիցները, պահպանողը` գալիք սերունդը։ Դժվարը բոլորին մի գաղափարի շուրջ հավաքելն ու առաջինը այդ գործը սկսելն է։ Անի Մանգասարյանին հաջողվեց լինել այդ առաջամարտիկը…»։

Իսկ Լուսինե Շադյանն ասում է․ «Ֆիլմեր կան, որոնք պարզապես դիտում ես, և կան ֆիլմեր, որոնք մնում են քո ներսում։ Ֆիլմեր, որոնք ոչ միայն պատմում են, այլև ստիպում են զգալ, հիշել ու չմոռանալ։ «Արցախի մեդիայի ձայները» վավերագրական ֆիլմը հենց այդպիսին է՝ ձայն, հիշողություն, ապրում ու պատմություն, որը պետք է լսել, պահպանել ու փոխանցել․․․»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment