Արմեն Այվազյան․ «Օտարերկրյա դիվանագետները հրճվում են հայաթափված Շուշիում»

Պատմական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում ակրեդիտացված օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպական միության ներկայացուցիչների այցին օկուպացված Շուշի։

«Այս թարմ լուսանկարներում պատկերված են հայաթափված Շուշիում երեկ սրտանց հրճվող՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Սրանց վերադասներն էլ Հայաստանին ու հայերին անվտանգություն և բարգավաճում են խոստանում՝ միաժամանակ հրահանգելով իրենց դրածո ՀՀ «կառավարությանը» թուրքերին ու ադրբեջանցիներին փուլ առ փուլ հանձնել նաև Հայաստանի Հանրապետությունը։

Հետո էլ այս նույն հրճվանքով զբոսնելու են հայաթափված Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում և, ի վերջո, Երևանում՝ եթե, իհարկե, ամեն ինչ ընթանա իրենց գծած սցենարով…

Ի դեպ, շուրջ երեք ու կես տասնամյակ Հայաստանի ղեկավարներին հենց այսպես էլ խաբել են՝ անվտանգության, խաղաղության ու բարգավաճման խոստումներով, զուգահեռաբար նրանցից շատերին կաշառելով, փչացնելով ու քաղաքականապես բթացնելով։ Արդյունքը մեր աչքի առաջ է։

Հ.գ. Եվ ի՞նչ արժեր Ֆրանսիայի Սենատի՝ ընդամենը վեց տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին, գրեթե միաձայն՝ 305 կողմ և 1 դեմ ձայնով ընդունած բանաձևը՝ Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment