Կարմիր ծովում էսկալացիայի ֆոնին Մերձավոր Արևելքի պետություններն ու էներգետիկ ձեռնարկությունները բախվել են վերջին տասնամյակների էներգամատակարարման ամենալուրջ ճգնաժամին։ Այս մասին գրում է New York Times թերթը։
Ինչպես հայտնի է, 4 տարվա դադարից հետո՝ հուլիսի կեսերին, վերսկսվել են ակտիվ մարտերը Եմենի բանակի և հութիների միջև։ Իրավիճակի սրման պատճառն այն է, որ հութիները Կարմիր ծովում սկսել են հարձակվել սաուդյան նավերի վրա։ Իսկ բախումների բռնկման անմիջական առիթը դարձավ Սանայի օդանավակայանին հասցված հարվածը, որը տեղի ունեցավ այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։
New York Times–ը նշում է, որ հութիների կողմից Կարմիր ծովի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը սպառնալիքի տակ է դրել Պարսից ծոցից նավթի արտահանման համար կարևորագույն ուղիներից մեկը: Դրա պատճառով տարածաշրջանի երկրներին գործնականում արտահանման այլընտրանքային ուղիներ չեն մնացել, քանի որ Հորմուզի նեղուցով երթևեկությունը նախկինի պես խիստ սահմանափակ է, իսկ Սաուդյան Արաբիայից նավթի արտահանման մասով անցյալ ամիս արձանագրվել է վերջին 13 տարվա ամենացածր ցուցանիշը:
Չնայած այն հանգամանքին, որ Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի շրջանում հութիների ակտիվության պատճառով Սաուդյան Արաբիան չի կարողանում նավթ արտահանել, թագավորություն ունի էներգամատակարարման տարբերակ նաև Սուեզի ջրանցքի մոտ գտնվող խողովակաշարով՝ դեպի հյուսիս: Սակայն Միջերկրական ծովով այս երթուղին ավելի թանկ է և շաբաթներով մեծացնում է հումքն Ասիա առաքելու ժամկետները:
Իրանի շուրջ իրավիճակի սրացումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային ուղի է, ինչպես նաև ազդել է տարածաշրջանի երկրների նավթի արտահանման և արդյունահանման մակարդակի վրա: