Վրաստանում ձերբակալվել է երկրի նախկին վարչապետի պաշտոնակատար, պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Բարամիձեն, որը Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկն է։ Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտնել է, որ Բարամիձեին մեղադրանք է առաջադրվելու «հայրենիքի դավաճանության, մասնավորապես՝ սաբոտաժի» համար։ Որոշումն ընդունվել է «դատարանի որոշման հիման վրա»։ Համապատասխան հաղորդագրությունը Վրաստանի գլխավոր դատախազության կայքում հրապարակվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, գրում է Deustsche Welle-ն:
Գործի համար հիմք է դարձել Բարամիձեի հայտարարությունը «Վրաստանի ծնունդը» հաղորդման եթերում, որը հուլիսի 18-ին հեռարձակվել է նույնանուն յութուբյան ալիքով։ Ալիքը պատկանում է ընդդիմադիր ազատական «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիային։ Հարցազրույցի ընթացքում 58-ամյա քաղաքական գործիչը, ինչպես հայտնել է Գլխավոր դատախազությունը, ասել է, որ 1992-1993 թվականների աբխազական պատերազմի սկզբում վրացի զինվորները գերիներ չեն վերցրել, այլ տեղում գնդակահարել են նրանց, ինչի հետևանքով վրացական կողմը, ի տարբերություն աբխազականի, փոխանակման համար գերիների պաշար չի ունեցել։
Գեորգի Բարամիձեի հայտարարության առնչությամբ իրավապահները հետաքննություն են սկսել օգոստոսի 7-ին՝ Վետերանների հարցերով պետական ծառայության բողոքից հետո։ Գլխավոր դատախազությունն արդյունքում հայտարարել է, որ չի հայտնաբերել վրացական բանակի կողմից գերիների գնդակահարումը հաստատող փաստեր։
Իրավապահները Բարամիձեի հայտարարությունն անվանել են «անհիմն և շինծու»՝ նշելով, որ այն «կանխամտածված գաղափարական և քարոզչական բնույթ ունի, ինչպես նաև նպաստում է Վրաստանի պետական և ազգային շահերի, նրա արտաքին անվտանգության, պաշտպանունակության և պետական ինստիտուտների խաթարմանը»։
Բացի այդ, Գլխավոր դատախազությունում կարծիք են հայտնել, որ Բարամիձեի խոսքերը վնաս են հասցրել «Վրաստանի իմիջին», բացասաբար անդրադարձել երկրի պաշտպանության ուժերի հեղինակության վրա, «վիրավորել Աբխազիայի պատերազմի վետերանների և զոհված զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը», ինչպես նաև «վտանգի տակ դրել հակամարտության հետևանքով տուժած բնակչության հաշտեցման և վստահության ամրապնդման գործընթացը, խաթարել խաղաղության և ապաօկուպացման ոլորտում Վրաստանի քաղաքականությունը, դժվարացրել պետական գերատեսչությունների բնականոն աշխատանքը»։
Այժմ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մտադիր են դատարանի միջոցով հասնել Բարամիձեի կալանավորմանը։
«Գործի հետաքննությունը շարունակվում է, հանրությունը կտեղեկացվի դրա ընթացքի և արդյունքների մասին»,- ընդգծել են իրավապահները։
Գեորգի Բարամիձեն դարձել է Վրաստանի պաշտպանության հինգերորդ նախկին նախարարը, որի դեմ երկրում քրեական գործ է հարուցվել։
Հուլիսին Սաակաշվիլիի համախոհ Բաչո Ախալայան դատապարտվել է երկու տարի վեց ամիս ազատազրկման։ Դատական նիստում ունեցած ելույթից հետո նա մեղավոր է ճանաչվել իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի համար։ 2025 թվականի նոյեմբերին յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին՝ 2003 թվականին ոստիկանական ստուգման ժամանակ 19-ամյա Ամիրան Ռոբաքիձեի աղմկահարույց սպանության գործով։ Մինչև 2007 թվականը Օքրուաշվիլին աջակցել է Միխեիլ Սաակաշվիլիին։
Ազատազրկված են նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունների նախկին անդամներ Ջուանշեր Բուրճուլաձեն և Իրակլի Ղարիբաշվիլին։ Բուրճուլաձեն պաշտպանության նախարարությունը ղեկավարել է մինչև 2024 թվականի փետրվարը։ Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար է եղել 2019-2021 թվականներին, 2021-2024 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2024 թվականից մինչև 2025 թվականի ապրիլը ղեկավարել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ջիվանշիր Բուրճուլաձեն, մասնավորապես, մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին՝ փողեր լվանալու մեջ։