Լիլիթ Գալստյանը ՄԻՊ–ին խնդրել է ներկայացնել, թե հայ ռազմագերիների պաշտպանության ուղղությամբ առաջիկայում ինչ քայլեր են նախատեսում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների պաշտպանության հարցերով բաց նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը օգոստոսի 19-ին։
«Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ)`բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը»,–գրել է Գալստյանը։
Հաշվի առնելով խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը`Բաքվում պահվող հայերի ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունը, Գալստյանը մի քանի հարցեր է ուղղել Մանասյանին։
Գալստյանը հետաքրքրվել է.
1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում ՄԻՊ լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ է իրականացվել Բաքվում գտնվող հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՄԻՊ գրության մեջ ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնվել և ի՞նչ արձագանք է ստացվել։
3․ Բաքվում գտնվող հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և նրանց հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ է ՀՀ ՄԻՊ–ը դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։
4․ Ադրբեջանում ապօրինի պահվող հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՄԻՊ–ը միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք է արձանագրել։
Լիլիթ Գալստյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանին խնդրել է ներկայացնել այս ուղղությամբ կատարված ու նախատեսված քայլերը։