ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը. նախագիծ

Բաժանորդագրվել

Շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

«Նախագծով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների՝ 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին»,–նշված է նախագծում։

Նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 500 (200-ն ընդունվել են բարձրագույն և 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 մլն դրամ։

Ընդ որում 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է շուրջ 112,5 մլն դրամ (որից բուհ ընդունվածների համար` 75 մլն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։

Նշենք, որ շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75տոկոսը հաղթահարելու դեպքում։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1500 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է շուրջ 1,8 մլրդ դրամ։

Leave a comment