Ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում․ «Փաստ»

Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց: Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:

Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:

Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:

Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի: Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:

Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք… Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար: Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել…, դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment