Գյումրիում շների կացարան կառուցելու նպատակով 5-րդ անգամ մրցույթ է հայտարարվում, սակայն շինարարական ոչ մի ընկերություն չի մասնակցում։
Գյումրու ավագանու նիստում ՔՊ խմբակցության անդամները քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ եղավ թափառող կենդանիների համար կացարան կառուցելու նախաձեռնությունը։
Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ այդ հարցը բազմիցս է բարձրաձայնվել, 4-5 անգամ 124 միլիոնանոց ծրագիրն իրագործելու համար մրցույթ է հայտարարվել։ Վարդան Ղուկասյանը, ինչպես և իրենք, շինարարներին հորդորել են, խնդրել, համոզել, թե եկեք, մասնակցեք մրցույթի, սակայն հետաքրքրվող չի եղել։
Ըստ Ավետիս Առաքելյանի՝ քաղաքապետարանի դաշտում չէ այդ հարցը, չեն կարող շինարարին ստիպել, որ գան, մասնակցեն մրցույթի։
«Քաղաքապետարանը համայնքի գումարներով շների կացարան է կառուցելու, ասել եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում նախագծի վրա աշխատեն, որ տեսնենք պահանջվող գումարի չափը, որ տեսնենք՝ ինչպես ենք լուծում այդ հարցը»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը տեղից արձագանքեց, թե շներին ստերջացնել պետք չէ, դա արդյունավետ լուծում չէ, անմիաստ է, որովհետև ստերջացված շունը ևս հարձակվում է մարդկանց վրա։
Մեկ այլ ՔՊ-ականն էլ հետաքրքվեց, թե քաղաքապետարանում կա՞ բաժին, որ քաղաքացիները մինչ կացարանի կառուցումը դիմեն շների հարցով, Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Ինչո՞վ զբաղվեն, շների հարցո՞վ, ի՞նչ անեն, շներին ով մոտիկ գնաց, թույլ չեն տա, կգնդակահարեն, շան իրավունքներն ավելի շատ են, քան մերը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: