«Ուզեցել եմ լավություն անել, նման բան է եղել։ Հոգիս դուրս եկավ այս 3.5 տարի է»,- այսօր Սևանի դատարանում Ազատի զինվորական կացարանում հրդեհի գործով դատաքննության ժամանակ ասաց գործով հիմնական մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը։
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու, ի վերջո, նա կալանավայրում ցանկություն հայտնեց հանդիպել իր հետ։ Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց՝ զինվորների շրջանում թմրանյութի առուվաճառքի և վառանյութի վաճառքի մասին տեղեկությունների հարցով։
Նորիկյանը նաև հետաքրքրվեց՝ Հակոբյանը եղբայր ունի՞։ Վերջինս դրական պատասխան տվեց։ Երբ Նորիկյանը խնդրեց ասել նրա տարիքը, Հակոբյանն ասաց՝ ոչ և խնդրեց եղբոր վերաբերյալ որևէ հարց չտալ։
Նորիկյանը, սակայն, շարունակեց Հակոբյանի եղբոր մասին հարցը՝ նշելով՝ դեպքից հետո վերջին երեք տարվա ընթացքում ձեր եղբայրը ՀՀ-ից բացակայե՞լ է։ Հակոբյանը կրկնեց՝ չտալ եղբոր մասին հարցեր, որովհետև դա իր ամենաթույլ կողմն է։
Նորիկյանը հարցեր տվեց կացարանում ջուր լինելու կամ չլինելու չարչրկված թեմայից՝ հղում տալով առնվազն երկու զինծառայողի ցուցմունքներին, ըստ որոնց՝ ջուր չկար կացարանում, և լողանալու համար զինվորները ջուր էին բերում։
«Ի վերջո, ջուր եղե՞լ է, թե՞ չի եղել»,- հետաքրքրվեց Նորիկյանը և ճշտեց՝ ինչու էին տղաները գիշերը 12-ին գնացել լողանալու։
Հակոբյանը պատասխանեց, որ երբ հրդեհի դեպքը տեղի ունեցավ, սկսեց միջոցներ փնտրել, որ հանգցնի։ Մտավ լվացարան, այնտեղ կապույտ տարա կար, որպեսզի տեսնի՝ մեջը ջուր կա՞, թե՞ ոչ, կրակը հանգցնելու համար։ Տեսավ՝ տարայի մեջի ջուրը սառույց է դարձել։
Հակոբյանը մանրամասնեց, որ դեպքից առաջ չէր նկատել, որ տղաները՝ 8-9 հոգով, միաժամանակ գնացել են լողանալու։
«Գիշերվա մեկին զինվորը դուրս է գալիս, ո՞նց չեք նկատել»,- զարմացավ Նորիկյանը և հարցրեց՝ նման պրակտիկա եղե՞լ է, որ գիշերը մեկին զինվորը գնա լողանա։ Հակոբյանը չկարողացավ հստակ պատասխանել։
Նորիկյանի հարցին՝ իսկ հավատո՞ւմ է, որ տղաները այդքան հոգով գնային լողանալու այդ ուշ ժամին, Հակոբյանն ասաց՝ չի հավատում և հավելեց.
«Ես ձայներ եմ լսել, գոռացել եմ՝ ովքեր եք։ Ասել են՝ մենք ենք, տեխնիկաների հետևում։ Հարցրել եմ՝ ինչ եք այդտեղ անում, եկեք ներս։ Ասել են՝ հեսա գալիս ենք։ Ասացի՝ սպասում եմ ու մտել եմ ներս, ու այդ դեպքն է եղել։ Ես Վաղինակի ձայնն եմ լսել, երկու հոգի ձայն տվեցին, մյուսն էլ Արսենն էր»։
«Քեզ պիտի գնդակահարեն»,- արձագանքեց տուժող Գրիգորյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: