Ռուսաստանն ու Իրանը հաստատել են Հարավային Կովկասում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման պատրաստակամությունը, առաջին հերթին՝ «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ։ Կողմերը դիտարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
«Հաստատվել է երկու կողմերի տրամադրվածությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, որոնք առաջին հերթին կապված են «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շուրջ 7,2 հազար կմ երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է, որը կոչված է ապահովելու տրանսպորտային կապը Սանկտ Պետերբուրգի և հնդկական Մումբայի նավահանգստի միջև։
Միջանցքը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ ցամաքային արևմտյան և արևելյան, ինչպես նաև տրանսկասպյան, որը նախատեսում է երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օգտագործում։