Խելագար այդպես էլ չեղավ, բայց եղավ խելագարությունը

2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, կատարյալ խելապակաս կհամարեին նրան, ով կհամարձակվեր ենթադրել կամ պատկերացնել, որ դրանից ընդամենը 7 տարի անց՝ Հայաստանի խորհրդարանում հնչելու է Ադրբեջանի միջազգային վարկին հանկարծ չվնասելու մտահոգություն, այն էլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժի ներկայացուցչի շուրթերից։ 2019-ին այդպիսի խելապակասներ չեղան, բայց 2026-ին այդպիսի հայտարարություն՝ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից, հնչեց։

Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը ասում է, որ պետք է արտահայտություններ անելիս լինել զգույշ, որ հանկարծ չստեղծվի տպավորություն, որ վտանգի տակ ենք դնում Ադրբեջանի միջազգային վարկը։ Ըստ ամենայնի, հաջորդիվ կլինի դիմում Ադրբեջանին, որպեսզի տրամադրվի արտահայտությունների այն ցանկը, որն առավել անվնաս է Ադրբեջանի միջազգային վարկի համար կամ երաշխավորված ապահովում է այդ վարկի անձեռնմխելիությունը։

Փոխարենը, Հայաստանի կառավարող մեծամասնությունը միանգամայն անբռնազբոս կերպով խաղում է Հայաստանի միջազգային վարկի հետ։ Օրինակ, հավաքական իմաստով, հայկական պետականության ծնունդը հռչակվում է կոնֆլիկտային։ Դա արվում է ընդհուպ վարչապետի մակարդակով, որն այդպես է բնորոշում Անկախության հռչակագիրը եւ այսպես ասած՝ Երրորդ հանրապետության քաղաքական տրամաբանությունը։

Այս ամենը չի կարող տեղավորվել որեւէ առողջ, սթափ տրամաբանության շրջանակում, բայց իրողություն է, տեղի է ունենում, հնչում է, ու մտահոգվում է Ադրբեջանի միջազգային վարկի համար։ Ըստ երեւույթին հենց դրա համար Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շտապեց կարգավորել հարաբերությունը Ալիեւի հետ, որպեսզի չարժանանա Հայաստանի իշխանության նախատինքին։ Չէ՞ որ Ֆրանսիան հայտարարում էր, որ Ադրբեջանը հեղաշրջում է հրահրում ու հովանավորում իր անդրծովյան տարածքներում, օրինակ՝ Նոր Կալեդոնիայում։ Այսինքն, Փարիզը փաստորեն համարձակվում էր վարկաբեկել Ադրբեջանին, հետեւաբար դիմում էր պաշտոնական Երեւանի նախատինքի տակ հայտնվելու ռիսկին։ Իսկ հիմա, Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ Փարիզում քննարկում է տիեզերական մասշտաբի հարցեր, որովհետեւ երկրի երեսին Ադրբեջանի միջազգային վարկը պաշտպանված է։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment