Էկոնոմիկայի նախարարը վարդի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկել է արտահանման գործընթացներին վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ


ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։


Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։

Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։


 

Leave a comment