Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել

Քաղաքականություն

10.09.2026 | 18:11

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով  Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվել է փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի շփումների կարևորությունը Ադրբեջան-ԵՄ օրակարգի առաջխաղացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ և իրավական շրջանակի հետագա զարգացումը, Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը և նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպման ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Ընդգծվել է  այս տարվա օգոստոսին Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում էներգետիկայի և հաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրերս էլ Բաքվում էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Նա Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment