Կառավարությունը կդիմի ՍԴ

Քաղաքականություն

Կառավարությունը կդիմի ՍԴ

 Հայաստանի կառավարությունը հավանություն կտա այս տարվա փետրվարի 26-ին Վարշավայում  ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին

Նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի վաղվա նիստում։ Կառավարությունը միաժամանակ կդիմի Սահմանադրական դատարան՝ Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

Երբ Սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվեն, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվելու Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները։ Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները եւ ընթացակարգերը, համաձայն որի Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա: Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները եւ ձեւերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառքի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ: Համաձայնագրում ամրագրված է նաեւ դրա մեկնաբանման եւ կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դադարելու կարգը:

Համաձայնագրի վավերացումը տեւական եւ երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ: 

Leave a comment