Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ

Հասարակություն

10.09.2026 | 14:48

Նոր հետազոտական ամփոփագրում Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA) մասնակցության արդյունքները և դրանց հնարավոր երկարաժամկետ տնտեսական հետևանքները։

ԿԲ-ն հետևյալ հետևություններն է արել․

-Հայաստանի 15-ամյա աշակերտների արդյունքները բոլոր հիմնական ուղղություններով զգալիորեն ցածր են ՏՀԶԿ միջինից, իսկ երկրի դիրքը, կախված ուղղությունից, տատանվում է 73-83-րդ տեղերի սահմաններում։
-Աշակերտների շուրջ 58%-ը գիտության, ընթերցանության և մաթեմատիկայի ուղղություններից առնվազն մեկի գծով չի հասնում այն նվազագույն մակարդակին, որն անհրաժեշտ է գիտելիքները պարզ և ծանոթ իրավիճակներում կիրառելու համար՝ ՏՀԶԿ-ի շուրջ 20%-ի դիմաց։
-Բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների բաժինը Հայաստանում ընդամենը 0.8% է՝ ՏՀԶԿ-ի 11.9%-ի դիմաց։

ԿԲ գնահատմամբ՝ եթե ապագա սերունդները հասնեն առնվազն հիմնական հմտությունների մակարդակին, դրա երկարաժամկետ տնտեսական օգուտների ներկա արժեքը կարող է կազմել Հայաստանի ներկայիս մեկ տարվա ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկը։

Leave a comment