Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից վիրավորական ու նվաստացուցիչ գրառումներ տարածելով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում թիրախավորված անձանցից։
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեզ՝ տեղեկություններ ստանալու, թե ինչ պետք է անել նման դեպքերում:
Ժամանակի ընթացքում ալիքի գործունեությունը փոխվել է․ մարդկանց թիրախավորումն ու շանտաժը զուգորդվել են թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններով, դրանց տարածման համար մարդկանց հավաքագրմամբ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածմամբ։
Ավելի ուշ ալիքը սկսել է ակտիվորեն գովազդել մեկ այլ Telegram-յան ռեսուրս։ Առաջին ալիքի հեռացումից հետո ակտիվությունը տեղափոխվել է այնտեղ, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է նաև երկրորդը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս սխեման և զրուցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում, ինչ տվյալներ է անհրաժեշտ գաղտնի պահել և ինչու շանտաժի դեպքում գումար վճարելը խնդրի լուծում չէ։
Լուսանկարների հրապարակում, վիրավորանք և գումարի պահանջ
Ալիքի գործունեության սկզբնական փուլում հիմնական թիրախը մարդիկ էին։ Այն հրապարակում էր նրանց լուսանկարները՝ կցելով վիրավորական, նվաստացուցիչ կամ հայհոյախառն գրառումներ։ Հրապարակումը հեռացնելու դիմաց ալիքը կառավարողները գումար էին պահանջում։ Երբեմն իրավախախտները տարածում էին պոռնոգրաֆիկ բովանդակություն, վերագրելով այն ալիքում թիրախավորված անձանց:
Մեխանիզմը պարզ էր․ անձի մասին հրապարակվում էր նրան վնասող կամ նվաստացնող բովանդակություն, իսկ այն հեռացնելու հնարավորությունը վերածվում էր վճարովի «ծառայության»։
Գումարների փոխանցման համար օգտագործվում էին կրիպտոարժույթների հետ կապված գործիքներ և բոտեր։ Այս եղանակները կարող են դժվարացնել ալիքը կառավարողի ինքնության և ֆինանսական գործարքների մասին անմիջականորեն հասանելի տեղեկություններ ստանալը։
Սակայն անանուն թվացող հաշիվը կամ կրիպտոարժույթի օգտագործումը դեռ չի նշանակում, որ դրա հետևում կանգնած անձանց նույնականացումն անհնար է։ Թվային միջավայրում գործունեությունը կարող է թողնել տարբեր տեսակի հետքեր, որոնց ուսումնասիրությունը իրավապահ մարմինների աշխատանքի մասն է։
Շանտաժից՝ թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններ
Հետագայում ալիքի բովանդակությունն ու հիմնական գործառույթը սկսեցին փոխվել։
Մարդկանց լուսանկարների և նրանց վերաբերյալ վիրավորական գրառումների միջոցով լսարան հավաքած ալիքում սկսեցին հայտնվել թմրանյութերի վաճառքի հետ կապված հրապարակումներ։
Դրան զուգահեռ՝ տարածվում էին նաև թմրանյութերի տարածման ու վաճառքի համար մարդկանց հավաքագրելու մասին հայտարարություններ։
Այսպիսով, նույն ալիքը, որտեղ սկզբում մարդկանց լուսանկարներ էին հրապարակվում և դրանց հեռացման դիմաց գումար էր պահանջվում, հետագայում օգտագործվում էր նաև թմրանյութերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տարածելու և այդ գործունեության համար մարդկանց հավաքագրելու նպատակով։
Անցում դեպի մեկ այլ ալիք
Ալիքը իր գործունեության ընթացքում հետևորդներին ուղղորդում էր դեպի մեկ այլ Telegram ալիք՝ պարբերաբար գովազդելով այն։
Որոշ ժամանակ անց առաջին ալիքը հեռացվեց Telegram-ից։ Սակայն դրանով գործունեությունն ամբողջությամբ չդադարեց․ ակտիվացավ նախկինում գովազդվող երկրորդ ալիքը։
Հետագայում հեռացվեց նաև այս մեկը։
Տելեգրամյան ալիքների նման տեղափոխությունները կարևոր են, քանի որ առանձին ալիքը ջնջելը չի նշանակում, որ դրա շուրջ ձևավորված ցանցի կամ դրա հետևում կանգնած անձանց գործունեությունն ավարտվում է։ Նույն լսարանը կարող է նախապես ուղղորդվել այլ ալիքներ, խմբեր կամ հաշիվներ։
Ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման ալիքների թիրախում
ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Հայկ Մկրտչյանի հիմնական խորհուրդն է՝ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում հնարավորինս արագ պետք է դիմել իրավապահ մարմիններին։
Կարևոր է նաև մինչև հրապարակման կամ ամբողջ ալիքի հնարավոր ջնջվելը պահպանել հասանելի ապացույցները՝ հրապարակումների սքրինշոթները, ալիքի անվանումն ու հղումը, օգտահաշիվների տվյալները, հաղորդագրությունները, գումարի պահանջը և փոխանցման համար տրամադրված տվյալները։
Հատկապես կարևոր է պահպանել շանտաժի կամ գումարի պահանջի մասին հաղորդագրությունները։ Անգամ եթե հետագայում հրապարակումը կամ ալիքը ջնջվի, պահպանված տվյալները կարող են անհրաժեշտ լինել իրավապահներին։
Ինչո՞ւ չպետք է վճարել
Ոստիկանության ներկայացուցչի կարևոր խորհուրդներից մեկն այն է, որ նման դեպքերում տուժածները գումար չփոխանցեն շանտաժ անող անձանց։
Վճարումը որևէ երաշխիք չի տալիս, որ հրապարակումն իսկապես կհեռացվի կամ հեռացնելուց հետո կրկին չի հրապարակվի։ Ավելին՝ գումար փոխանցելով՝ անձը կարող է ցույց տալ, որ պատրաստ է վճարել ճնշումից ազատվելու համար։ Դրանից հետո կարող են առաջանալ նոր պահանջներ։
Եթե լուսանկարը կամ անձնական տեղեկությունը արդեն հրապարակվել է, առաջնային քայլը պետք է լինի ոչ թե անանուն օգտատիրոջ հետ ֆինանսական պայմանավորվածության հասնելը, այլ ապացույցների պահպանումն ու իրավապահներին դիմելը։
Ալիքը ջնջվել է, բայց խնդիրը՝ ոչ
Մեր ուսումնասիրած երկու ալիքներն ի վերջո հեռացվեցին Telegram-ից, իսկ թե ինչպես են հեռացվել, իրավապահների միջամտության արդյունքում թե իավախախտների նախաձեռնությամբ՝ պարզել հնարավոր չէ: Սակայն դրանց պատմությունը ցույց է տալիս, որ նման ռեսուրսների խնդիրը չի սահմանափակվում միայն վիրավորական հրապարակումներով։
Մի հարթակում կարող են միաժամանակ կամ հաջորդաբար միավորվել մարդկանց թիրախավորումը, շանտաժը, անանուն վճարումների պահանջները, պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը, ինչպես նաև թմրանյութերի վաճառքի կամ տարածման համար մարդկանց հավաքագրումները։
Այն, որ ալիքը ջնջվում է, չի նշանակում, որ դրա հետևում կանգնած անձը կամ խումբը դադարեցրել է գործունեությունը։ Լսարանը կարող է տեղափոխվել նախապես ստեղծված կամ գովազդված այլ հարթակ։
Հետևաբար նման դեպքերում ամենակարևոր քայլերից են հնարավոր ապացույցներն արագ պահպանելը և իրավապահ մարմիններին դիմելը։ Իսկ շանտաժ իրականացնողներին գումար փոխանցելը չի երաշխավորում խնդրի լուծում։ Ավելին, դա կարող է չարագործներին հնարավորություն տալ նոր պահանջներ ներկայացնել ու շարունակական ճնշման տակ պահել անելանելի վիճակում հայտնված մարդուն։