Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք ՌԴ-ից, այլ, որ ոչ մի գործընկեր չպետք է ունենա այնպիսի դիրք, որ Հայաստանի տնտեսության վրա միակողմանի ճնշում գործադրի` օգտվելով իր «մոնոպոլ» դիրքից. Սուրեն Պարսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։

– Հայաստանն առեւտրային կապեր է զարգացնում Ադրբեջանի հետ: ՔՊ-ականներն ասում են, որ Ռուսաստանի ստեղծած «տնտեսական փակուղուց» դուրս ենք գալու հարեւան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելով։

– Ես «տնտեսական փակուղի» ձեւակերպումը չափազանցված եմ համարում։ Հայաստանի տնտեսությունը, իհարկե, ունի լուրջ կառուցվածքային եւ սահմանային խնդիրներ՝ արտաքին շուկաներից կախվածություն, արտահանման սահմանափակ դիվերսիֆիկացում, ներմուծման մեծ կախվածություն, բայց փակուղու մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի շուկայի հետ հարաբերություններում արդեն իսկ ստեղծվել է իրական տնտեսական ռիսկ։ 2026-ի հուլիսին Համաշխարհային բանկը նույնպես արձանագրել է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների սահմանափակումների շարունակումը կարող է հարվածել ոչ միայն արտահանմանը, այլեւ տնտեսական աճին, գնաճին, սոցիալական վիճակին։ Հետեւաբար, երբ ՀՀ իշխանությունները խոսում են հարեւանների հետ առեւտրի ընդլայնման մասին, այդտեղ կա 2 բաղադրիչ։ Առաջինը․ իրական տնտեսական անհրաժեշտություն է շուկաները դիվերսիֆիկացնելը: Երկրորդը․ սա ակնհայտորեն քաղաքական ուղերձ է նաեւ Ռուսաստանին։ Հայաստանի տնտեսությունը չի կարող կախված լինել մեկ շուկայից, հատկապես երբ այդ շուկան կարող է վարչական կամ քաղաքական որոշումներով սահմանափակել հայկական ապրանքների մուտքը։ Թվերը ցույց են տալիս, թե ինչ մեծ կախվածության մասին է խոսքը. 2026-ին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կազմել է Հայաստանի ընդհանուր շրջանառության 29 տոկոսը: Այսինքն, ավելի շուտ՝ կարելի է բնութագրել ոչ թե որպես «Ռուսաստանին սպառնալիք», այլ որպես Երեւանի կողմից բանակցային դիրքի ուժեղացման փորձ. Հայաստանի նման փոքր տնտեսությունը կամ երկիրը չի կարող սպառնալ Ռուսաստանին: Այո, մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի որեւէ գործընկեր չկարողանա մեզ տնտեսական առումով պատանդ պահել։

– Զուգահեռաբար, Փաշինյանը դիմեց ՌԴ իշխանություններին՝ խնդրելով ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարումը հանձնել երրորդ կողմի, ակնարկեց էներգետիկ ոլորտում մեզ համար այլընտրանքային գործընկերների անհրաժեշտության մասին։ Երեւանը սրանով «ատա՞մ է ցույց տալիս» Մոսկվային՝ խորացնելով հարաբերություններում առկա ճգնաժամը։

– Խնդիրը կարելի է դիտարկել ոչ թե «ատամ ցույց տալու», այլ տնտեսական անվտանգության տեսանկյունից։ Եթե որեւէ երկրի ենթակառուցվածքային, էներգետիկ կամ լոգիստիկ համակարգը չափազանց կախված է մեկ արտաքին գործընկերոջից, ապա դա ռիսկ է։ Հայաստանի դեպքում այդ կախվածությունը պատմականորեն բավական բարձր է եղել` պայմանավորված նաեւ տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներով: Հետեւաբար, այլընտրանքների ձեւավորումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց է։ ՀԿԵ-ի դեպքում երրորդ կողմի ներգրավումը կարող է իմաստ ունենալ, եթե դրա արդյունքում երկաթուղային համակարգը դառնա ավելի արդյունավետ, ներդրումները մեծանան, իսկ Հայաստանը կարողանա իր տարանցիկ ներուժն օգտագործել` դառնալով Արեւելք-Արեւմուտք տարանցիկ երկիր: Նույնը վերաբերում է էներգետիկային։ Մենք պետք է ունենանք ոչ միայն մեկ, այլեւ մի քանի հնարավոր մատակարարներ եւ ուղղություններ։ Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք Ռուսաստանից, նշանակում է, որ ոչ մի գործընկեր չպետք է ունենա այնպիսի դիրք, որ Հայաստանի տնտեսության վրա միակողմանի ճնշում գործադրի` օգտվելով իր «մոնոպոլ» դիրքից: Ի վերջո, դիվերսիֆիկացիան հակառուսական քաղաքականություն չէ։ Ցավոք, դա շատ հաճախ չեն հասկանում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում: Դա ցանկացած երկրի տնտեսական անվտանգության տարր է։

Արա ԱԼՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment