Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում

Փարիզի Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնազրույցը։ Մինչ բանակցությունների մեկնարկը տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո երկու երկրների ղեկավարներն քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը:

Ֆրանսիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Մակրոնն ընդգծել է փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ շեշտելով դրա համապատասխանությունը ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ գործընկերության խորացումը՝ նշելով, որ հայկական կողմը շահագրգռված է այս ուղղությամբ առարկայական ծրագրերի իրականացմամբ։

Զրուցակիցներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտին՝ այն դիտարկելով որպես ռազմավարական գործընկերության հիմնասյուն։ Այս համատեքստում կարևորվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված հետևողական քայլերը։

Բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը թևակոխել է գործնական փուլ, և ընդգծվել է շինարարական աշխատանքների հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։ Կողմերը շոշափել են նաև տարածաշրջանային զարգացումները՝ շեշտելով տևական խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Բանակցություններից հետո, ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment