«Այն, որ Մեծամորի Ատոմակայանը պետք է փակվի, դա ստանձնել է Սերժ Սարգսյանը»․ Նիկոլ Փաշինյան

«Այն, որ Մեծամորի Ատոմակայանը պետք է փակվի, դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր Ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց Փաշինյանին․ «Ի վերջո, Ատոմակայանը երբ է փակվելու, մինչ էդ մենք նոր Ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, արդյոք որոշվա՞ծ է՝ ո՞ւմ հետ համագործակցությամբ ենք կառուցելու»։

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի Ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մեկ փուլ, ենթադրվում է՝ ևս 10 տարով հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի Ատոմակայանի գործունեությունը։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Մենք նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք՝ դա ճակատագրական ռազմավարական որոշում է, որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment