Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող բելգիական BOSAQ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյքոբ Բոսսաերին, ինչպես նաև ընկերության միջազգային հարաբերությունների պատասխանատու Էնթոնի Տարիգանին։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ խմելու ջրի ապակենտրոնացված մաքրման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջանաձև ջրօգտագործման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող տարբերակները։


 


Բելգիական BOSAQ ընկերությունը մասնագիտացած է ինքնավար, մոդուլային և վերականգնվող էներգիայով աշխատող ջրի մաքրման համակարգերի մշակման գործում։ Ընկերության կողմից առաջարկվող լուծումները հատկապես կիրառելի են հեռավոր և գյուղական համայնքների համար։


Քննարկվել են նաև արդյունաբերական ջրի վերօգտագործման հնարավորությունները, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նորարարական տեխնոլոգիական լուծումները։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են պետական և մասնավոր ֆինանսական կառույցների միջոցով դրամաշնորհների և արտոնյալ վարկերի ներգրավման հնարավորությունները։


 


Կողմերը կարևորել են Հայաստանի ջրային ոլորտում ժամանակակից և կայուն լուծումների ներդրմանն ուղղված ծրագրերի շրջանակում տեխնոլոգիական և փորձագիտական համագործակցության զարգացումը։

Դիտումների քանակ1

Leave a comment