Եվրոպական Politico պարբերականը գրում է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է պատրաստ չլինել մոտեցող տնտեսական ճգնաժամին։ Նրա աշխատակազմում մշտական ավագ տնտեսական խորհրդական չկա, մինչդեռ Գերմանիայի պետական պարտքի սպասարկման արժեքը հասել է վերջին 15 տարվա առավելագույնին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է ԵՄ-ին սպառնացող տնտեսական ճգնաժամին դիմակայել ոչ բավարար պատրաստվածությամբ։ Politico-ի փոխանցմամբ՝ նրա «աշխարհաքաղաքական հանձնաժողովում» բացակայում են այն մասնագետները, որոնք կկարողանային պատշաճ արձագանքել ԵՄ առանցքային երկրներում պետական պարտքի աճից և դրա սպասարկման թանկացումից բխող սպառնալիքներին։
Պարբերականի տվյալներով՝ ֆոն դեր Լայենի աշխատակազմը մինչ այժմ չունի մշտական գլխավոր տնտեսական խորհրդական։ Եվրահանձնաժողովում հակադարձում են, որ կառույցում բավարար թվով տնտեսագետներ կան։ Սակայն քննադատները պնդում են, որ խնդիրը ոչ այնքան մասնագետների ընդհանուր թվի, որքան այն մարդկանց մեջ է, որոնք անմիջականորեն մասնակցում են նախագահի հետ առանցքային որոշումների ընդունմանը։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ի համար տնտեսական ռիսկերը շարունակում են աճել։ Օգոստոսին Գերմանիայի պետական պարտքի սպասարկման ծախսերը հասել են վերջին 15 տարվա առավելագույնին, իսկ նման ճնշման են բախվում նաև Ֆրանսիան և Իտալիան։
Politico-ն ընդգծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը, միգրացիոն ճգնաժամը և ԵՄ նոր բյուջեի շուրջ տարաձայնությունները երկրորդ պլան են մղել մրցունակության բարձրացմանն ուղղված բարեփոխումները։
Ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր «ներդրումային հանձնաժողով» ստեղծելու մտադրության մասին, սակայն այդ ծրագրերի իրականացումը բախվում է անդամ պետությունների կոշտ դիմադրությանը, որոնք չեն ցանկանում լրացուցիչ լիազորություններ փոխանցել Բրյուսելին։