Զրպարտչական է ու վիրավորական»․ Ռուբեն Մելիքյանը ներողություն է պահանջում ավստրիական Die Furche պարբերականից
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է ավստրիական Die Furche պարբերականի խմբագրակազմին՝ խստորեն քննադատելով ամսագրում տեղ գտած հոդվածներից մեկն ու պահանջելով հրապարակային ներողություն ներկայացնել։
Իրավապաշտպանը մասնավորապես նշել է․
«Տիկնայք և պարոնայք, Die Furche-ի խմբագրակազմ,
Եվրոպայում բնակվող ծանոթներիցս մեկից տեղեկացա, որ Սուսան Գլաս անունով անձը Ձեր պարբերականի հունիսյան համարում լրագրության տարրական կանոններին հակասող, խիստ միակողմանի հոդված է հեղինակել Հայաստանյան իրադարձությունների մասին։ Ավելին, հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», ինքնին զրպարտչական է և խորապես վիրավորական իմ՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու անդամի համար։ Վստահ եմ՝ իմ մոտեցումը կիսում են մեր եկեղեցու շատ ու շատ այլ անդամներ։
Այդ կապակցությամբ ցանկանում եմ իմ խորը վրդովմունքը հայտնել ձեզ, տիկնայք և պարոնայք, և պահանջել ներողություն։ Հակառակ դեպքում, դուք և հատկապես տիկին Գլասը մեր աչքում կվերածվեք Գեբելսյան պարզ քարոզիչի»։
Ռուբեն Մելիքյանն իր խոսքին կից ներկայացրել է նաև նույն հայտարարության գերմաներեն տարբերակը՝ պահանջելով պարբերականի ղեկավարությունից արձագանքել հնչեցված մտահոգություններին։