ԱՄՆ-ում գործող միջեկեղեցական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել ՀԱԵ-ին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին հարցեր է քննարկել «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպումը կայացել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն գերաշնորհ տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։

«Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայ եկեղեցուն։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու ջանքեր գործադրել ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում հայ ժողովրդի դիմագրաված դժվարությունների և Հայ եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Մերձավոր Արևելքում հայկական ներկայության ու քրիստոնեական ժառանգության պահպանության, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Այս առնչությամբ կարևորվել է եկեղեցիների համատեղ ջանքերը՝ ի նպաստ խաղաղության, արդարության և ժողովուրդների արժանապատիվ ու անվտանգ կյանքի ապահովման։

Sputnik Արմենիա

Leave a comment