Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը բաց նամակով  դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ստորև ներկայացնում ենք փաստաբանի նամակն ամբողջությամբ․

«Պարո՛ն Վարչապետ, այն ամենը, ինչ այս երկու տարվա ընթացքում կատարվում է երիտասարդ ամուսինների կյանքը խլած՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում,  առաջացնում է  բազմաթիվ հարցեր։

 

Այո, համաձայն եմ այն մտքի հետ, որ իրավական համակարգում «մաֆիոզ» ազդեցությունները շատ վտանգավոր են, դրանք  պետք  է  արմատախիլ  անել։  Այսօր տուժող կողմն ուղղակիորեն իր մաշկի վրա է զգում հիշյալ քրեական վարույթով քննչական բաժնի ակնհայտ կողմնակալությունը: Տպավորություն է, որ փորձ է արվում արդարացնել պատահարի մասնակից ավտոմեքենայի իրական վարորդին՝ այն դեպքում, երբ, ըստ հանրությանը հայտնի տեղեկությունների, մեքենայի ղեկին եղել է ոչ թե  հայրը, այլ նրա անչափահաս երեխան: Իսկ տվյալ անձը, ինչպես հայտնի է, տարածաշրջանում ունի որոշակի ազդեցություն և հանրային ճանաչում։

 

Քննչական մարմնի գործողություններում առկա են ակնհայտ կողմնակալության միտումներ։ Մասնավորապես՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով տուժող կողմի օրինական և հիմնավորված միջնորդությունը, հրաժարվում է փորձաքննության կատարումը հանձնարարել տուժող կողմի մատնանշած անկախ փորձագիտական հիմնարկին։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ տուժող կողմն իրավունք ունի միջնորդելու, որ իր մատնանշած անձը (կամ հիմնարկը) նշանակվի փորձագետ։ Վարույթն իրականացնող մարմնի նման գործելաոճը տուժող կողմի մոտ առաջացրել է հիմնավոր կասկածներ, որ փորձ է արվում ստանալ կեղծ, անհիմն, աղավաղված փորձագիտական եզրակացություն՝ ավտոմեքենայի իրական վարորդին քրեական պատասխանատվությունից ազատելու և անմեղ ճանաչելու համար։

 

Պարո՛ն  Վարչապետ, երկու երիտասարդ կյանք է կործանվել։ Սույնով ցանկանում եմ Ձեզ փոխանցել մահացած երիտասարդի ծնողի՝ Աղասին Էլոյանի  խնդրանքը, ով  ստանձնել է որբացած երեք երեխայի խնամքը։ Նա հայցում է արդարություն և Ձեր անհապաղ հանձնարարականը իրավասու մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի վերջիններս ստուգեն վարույթն իրականացնող քննիչի գործողությունների օրինականությունը, բացառվի  որևէ  անօրինական ազդեցություն  և ապահովվի  օբյեկտիվ, անկախ ու բազմակողմանի փորձաքննության անցկացումը»։

Leave a comment