Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Խարգ կղզու մոտակայքում գտնվող լցանավի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ի պատասխան կհարվածեն ամերիկյան նավերին, ինչպես նաև Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերի։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքում։
Ամերիկյան կողմն էլ հայտնել է իրանական 5 նավթատար ոչնչացնելու մասին, դրանք հում նավթ են տեղափոխել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ մինչ այդ իրանական ուժերը փորձել են բալիստիկ հրթիռներով հարվածել ամերիկյան ռազմանավի, սակայն ապարդյուն։
Թեհրանից հայտարարել են, որ ի պատասխան թիրախավորել են Հորդանանում ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազան, նաև ամերիկյան 2 նավ և 8 նավթատար:
Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն շեշտել է՝ պետք է ավարտին հասցնեն իրենց առաքելությունը և տապալեն իրանական ռեժիմը։ Նրա խոսքով՝ կարևոր է վերջնականապես ոչնչացնել «Հըզբոլլահ» և ՀԱՄԱՍ շարժումները:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ հայտնել է, որ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում իրանական ավիացիայի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական մի քանի տասնյակ անձանց նկատմամբ: Ցանկում են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Մալայզիայի և Ղազախստանի ընկերություններ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է իրանական ավիացիային աջակցելու համար:
Մանրամասները՝ տեսաշարում: