Շաքարի համաշխարհային գները մեկ ամսում աճել են 21.5%-ով՝ գրանցելով 2010 թվականից ի վեր ամենախոշոր ամսական աճը։ Այս տարի շաքարի գնային աճը զգալիորեն գերազանցում է ֆոնդային շուկայի ցուցանիշները։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը նույնպես աճել է, և թանկացման հիմնական շարժիչը եղել է շաքարը։ Կազմակերպության գնահատմամբ՝ գնային թռիչքը պայմանավորված է Եվրամիությունում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով շաքարի ճակնդեղի բերքատվության նվազման սպասումներով։
Շուկայի վրա լրացուցիչ ճնշում են գործադրում Էլ Նինյոյի ազդեցության վերաբերյալ մտահոգությունները, որոնք կարող են վատթարացնել արտադրության հեռանկարները Ասիայի առանցքային երկրներում, ինչպես նաև Բրազիլիայում արտադրության ծավալների նվազումը։
Գների աճին նպաստել է նաև Հնդկաստանի որոշումը՝ թույլատրել հում շաքարի անմաքս ներմուծումը։ Դա սահմանափակ առաջարկի պայմաններում մեծացրել է համաշխարհային պահանջարկը։
Ռուսաստանում ևս շաքարավազի գների աճն արագացել է․ տարեսկզբից այն թանկացել է 24.7%-ով՝ գրանցելով պարենային ապրանքների շրջանում, բացառությամբ մրգերի և բանջարեղենի, ամենաբարձր աճի տեմպը։