Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կունմինգում մասնակցել է «Կունմինգի երկխոսության» բացման ասուլիսին, որի ընթացքում ներկայացրել է COP17-ի նախագահության մոտեցումներն ու հիմնական առաջնահերթությունները։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Կունմինգի նշանակությանը կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի ձևավորման և զարգացման տեսանկյունից։
«Կունմինգը կենսաբազմազանության գլոբալ օրակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունի․ այստեղից է սկսվել Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» ձևավորման ճանապարհը։
«Այսօր, երբ մոտենում ենք դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայմանը, մեր խնդիրը ոչ միայն արձանագրված արդյունքներն ու առկա բացերը գնահատելն է, այլև հստակեցնելը, թե ինչ քայլերով կարող ենք արագացնել իրականացումը մինչև 2030 թվականը»։
Հայաստանը՝ որպես COP17-ի նախագահություն, առաջին գլոբալ վերանայումը դիտարկում է որպես հնարավորություն՝ ամրապնդելու իրականացման մեխանիզմները, խթանելու գործնական քայլերը և ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երկրներն ու բոլոր շահագրգիռ կողմերը կարողանան կյանքի կոչել ստանձնած հանձնառությունները։
Կունմինգից Երևան ճանապարհը պետք է լինի անցում՝ հանձնառությունից՝ իրականացման, գնահատումից՝ արագացման, հավակնությունից՝ գործողության։
Հենց սա է նաև Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։
Կունմինգը մեզ տվեց Գլոբալ շրջանակը, Նայրոբին ամրապնդեց գիտական հիմքերն ու իրականացման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մեր նպատակն է, որ Երևանը դառնա գործողությունների հարթակ»,- ասել է նախարարը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: