ՀՀ-ն և Ուզբեկստանը կարևորել են երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ընդլայնումը

Սեպտեմբերի 7-ին Երևանում անցկացվել են Հայաստանի և Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, իսկ ուզբեկականը՝ Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովը։

Նրանք ընդգծել են երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ տարբեր ոլորտներում առկա համագործակցության ներուժն ամբողջությամբ իրացնելու համար։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն և բարձր մակարդակներում քաղաքական երկխոսությանը։ Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Բոբուր Ուսմանովն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել առևտրատնտեսական կապերի խորացմանը, ներդրումների խթանմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Կարևորվել են գործարար շրջանակների միջև գործընկերության խթանումն ու ակտիվ երկխոսության շարունակական ապահովումը։

Այս համատեքստում կողմերը ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը։ Նրանք նաև պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները՝ փոխկապակցվածության ոլորտում համագործակցության հետագա խորացումն ապահովելու նպատակով։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում և Ուզբեկստանում անցկացվող միջազգային միջոցառումներին փոխադարձ մասնակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցերը։

Leave a comment