Wizz Air-ը Երևանից 3 նոր չվերթ կգործարկի (PAN.am)

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը 3 նոր չվերթ կգործարկի Երևանից՝ դեպի Բազել (Շվեյցարիա), Վառնա (Բուլղարիա) և Վալենսիա (Իսպանիա)։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը:

Ընկերությունը նաև ավելացնում է Հայաստանում բազավորվող օդանավերի թիվը՝ հասցնելով դրանց թիվը 4-ի, հայտնում է Արմենպրեսը:

Դեկտեմբերի 18-ից շաբաթական երեք թռիչ կիրականացվի Բազել (Շվեյցարիա), դեկտեբերի 19-ից շաբաթական երկու անգամ՝ Վալենսիա (Իսպանիա), և հունիսի 6-ից կմեկնարկի դեպի Վառնա (Բուլղարիա) ուղղությունը:

«Wizz Air-ը ամենաարագ զարգացող ընկերություններից է։ Հայաստանից մենք ունենք 18 ուղղություն՝ դեպի Եվրոպայի 12 երկրներ։ Մինչև հոկտեմբերին երրորդ օդանավի ժամանումը, մենք արդեն մտածում ենք չորրորդ օդանավի մասին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ չորրորդ օդանավը դեկտեմբերից կբազավորվի Երևանում»,- ասել է Մալինը։

Մալինը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ից՝ չորրորդ օդանավի Երևանում բազավորվելուց հետո կավելանան նաև մի շարք ուղղություններով թռիչքների հաճախականությունները։ Մասնավորապես, Երևան-Պրահա ուղղությամբ թռիչքները կհասցվեն շաբաթական 5-ի, իսկ Գերմանիայի Մեմինգեն քաղաք ուղղությամբ՝ շաբաթական 4-ի։

Նրա խոսքով՝ Wizz Air-ը այս տարի նախատեսում է մոտենալ տարեկան 100 միլիոն ուղևորի սպասարկման ցուցանիշին։

Մալինը նշել է, որ Wizz Air-ն այժմ օդանավեր է բազավորում 44 օդանավակայանում։ Ընկերության մոտ 270 օդանավերի մեծ մասը A321neo տիպի են, որոնք առանձնանում են վառելիքի բարձր արդյունավետությամբ։ Նրա խոսքով՝ դա կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից։

Leave a comment