Երուսաղեմի Հայկական թաղամասում հերթական միջադեպն է գրանցվել Սուրբ Հակոբյանց վանքի հարևանությամբ։ Երիտասարդ հրեա կինը թքել է հայկական վանական համալիրի ուղղությամբ, ինչից հետո մուտքի մոտ հերթապահություն իրականացնող Իսրայելի ոստիկանության ծառայողները անմիջապես միջամտել են։
Սա առաջին նմանօրինակ դեպքը չէ. Հայկական թաղամասում և Սուրբ Հակոբյանց վանքի մերձակայքում նախկինում ևս բազմիցս արձանագրվել են հոգևորականների, հավատացյալների և քրիստոնեական սրբավայրերի ուղղությամբ թքելու և անարգանքի այլ դրսևորումների փաստեր։
Տեղի հայ համայնքը և հոգևոր դասը պարբերաբար ահազանգում են քրիստոնեական ներկայության դեմ իրականացվող ոտնձգությունների մասին՝ պահանջելով իրավապահ մարմիններից ապահովել պատմական թաղամասի ու հոգևոր կենտրոնների լիարժեք անվտանգությունը։