Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։
Միտրոպոլիտ Անտոնին Նորին սրբությանը փոխանցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Հայոց Եկեղեցուն Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը։
Նա անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը՝ անընդունելի համարելով աշխարհիկ իշխանությունների ցանկացած միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքներն է բերել միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։ Նորին սրբությունը մասնավորապես երախտագիտություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի՝ Հայոց եկեղեցու և Հայոց հայրապետի նկատմամբ մշտապես ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի ու զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին և գործակցությանը՝ մաղթելով, որ այդ եղբայրությունը մնա ամուր ու հաստատուն և նպաստի երկու բարեկամ ժողովուրդների բազմադարյա կապերի առավել ամրապնդմանը։
Զրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են եկեղեցիների նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվել է, որ Աստծո ողորմության, եկեղեցականների նախանձախնդիր ծառայության և ժողովրդի ամուր հավատի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն է փոխանցել Նորին սրբություն Կիրիլ Պատրիարքին՝ նրան մաղթելով քաջառողջություն, ինչպես նաև գահակալության երկար ու արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ եկեղեցու և ի բարօրություն հավատավոր իր հոտի։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու նպատակով։ Դրանից առաջ գործը հանձնված է եղել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում է կայացրել։