Խաչատրյանի պաշտպանները հրատապ միջոցի դիմում են ներկայացրել ՄԻԵԴ (PAN.am)

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել՝ խնդրելով նրա նկատմամբ հրատապ միջոց կիրառել։ Այդ մասին ասվում է նրա պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանները պնդում են, որ կալանքի պայմաններում նրա կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են:

«Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Խաչատրյանը թեպետ չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, սակայն պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ, սակայն այն մինչև օրս անպատասխան է մնացել։

Պաշտպանական խումբը հիշեցրել է, որ դեռ 2020-ին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել Խաչատրյանի բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում ապահովել նրա տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց։ 2024-ին ՄԻԵԴ է ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ։ Ներկայում ՄԻԵԴ-ը երկու գանգատները քննում է միասին։

Նշվում է, որ Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։

«Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է։ ՄԻՊ-ի միջամտությունից հետո ապահովվել է խնամող անձ, սակայն խնդիրը լուծված չէ։

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ ներկայացուցիչները հանձնարարությամբ այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ հանդիպելու և զրուցելու Գագիկ Խաչատրյանի հետ։ Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։

Leave a comment