Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և պալատի ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Տոմիո Օկամուրան ողջունել է Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի ու հանդիպելու հնարավորության համար։ Նա համոզմունք է հայտնել, որ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը նոր ազդակ է հաղորդելու Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների ու բարեկամական կապերի հետագա զարգացմանը։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հնչեցված գնահատանքի խոսքերի համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում էական նշանակություն է ունեցել նաև խորհրդարանական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու պետությունների խորհրդարանների միջև ակտիվ շփումների շարունակական խթանումն ու փոխադարձ այցելությունների ակտիվացումը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային խորհրդարանական կառույցներում, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Չեխիայի երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում նրանք կարևորել են տնտեսական, զբոսաշրջային, գիտական, մարզական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում համագործակցության հետագա խորացումը։
Վահագն Խաչատուրյանն ու Տոմիո Օկամուրան քննարկել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությունը։ Կողմերն ընդգծել են ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի բարեկամական հարաբերություններն առավել խորացնելու և համագործակցության նոր ուղղություններ ձևավորելու իրենց պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պատգամավորների պալատի պատվո հյուրերի մատյանում։