Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկի վրայից խաչի տեսքով դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։ Այդ մասին ասուլիսում հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշել է Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա ընդգծել է, որ նշված դեպքերն արձանագրվել են նաև միջազգային զեկույցներում։
Սահակյանի գնահատմամբ՝ այս հանգամանքները վկայում են, որ Բաքվի բանտում քրիստոնյա լինելն ավելի խոցելի է դարձնում անձին։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև, որ քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնի Ադրբեջանի հետ քաղաքակրթական երկխոսությունը։
Իրավապաշտպանն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակումների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին՝ նշելով դատապարտող գնահատականներն ու արտահայտված մտահոգությունները։ Նա հիշատակել է, որ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ անդրադարձել է հայ գերիների խոշտանգումներին, իսկ ԱՄՆ-ի կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովն իր տարեկան զեկույցում ուղղակիորեն ներկայացրել է Բաքվում պահվող գերիների կրոնական իրավունքների և ազատությունների խախտման դրվագները։
Բաքվում Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։