Ամերիկյան չիպարտադրող Nvidia Corp.-ը համաձայնության է հասել արհեստական բանականության ոլորտում գործող Hugging Face ստարտափը 12.93 մլրդ դոլարով ձեռք բերելու շուրջ: Այս մասին ասվում է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրությունում։
Սա Nvidia-ի՝ աշխարհի ամենաթանկ ընկերության պատմության խոշորագույն գործարքներից մեկն է։ Ավելի վաղ հնարավոր ձեռքբերման մասին, հղում անելով աղբյուրներին, գրել էր The Information-ը։
Hugging Face-ին է պատկանում հարթակ, որտեղ տեղադրվում են մեծ լեզվական մոդելներ (LLM) և բաց կոդով տվյալների հավաքածուներ։ 2023 թվականին ներդրումային փուլի շրջանակում ընկերությունը գնահատվել էր 4.5 մլրդ դոլար։ Ներդրումային փուլին մասնակցել էին Salesforce Inc.-ը, Google-ը (պատկանում է Alphabet Inc.-ին) և Nvidia-ն։
Ընթացիկ տարվա հունվարին Financial Times-ը հաղորդել էր, որ Hugging Face-ը մերժել է Nvidia-ի՝ 500 մլն դոլար ներդրման առաջարկը, որը ենթադրում էր ամբողջ հարթակի 7 մլրդ դոլար գնահատում։ The Information-ի տվյալներով՝ ընկերության տարեկանացված հասույթը կազմում է մոտ 150 մլն դոլար։
Մոտ մեկ ամիս առաջ արհեստական բանականության ոլորտում գործող OpenAI ընկերությունը հայտնել էր, որ կիբերանվտանգության ոլորտում ներքին ստուգումների ընթացքում իր մոդելները շրջանցել են պաշտպանության մեխանիզմները, որոնք պետք է մեկուսացնեին դրանք ինտերնետից, և չարտոնված հասանելիություն են ստացել, այդ թվում՝ Hugging Face-ի համակարգերին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։