Կարելի է, իհարկե, հոռետեսական եզրահանգումներ անել Փաշինյան-Պուտին բիշքեկյան հանդիպումից, մեր ընդդիմության նման մաքսիմալիզմ դրսեւորել, թե բա` ամեն ինչ վատ է, ու ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, կամ մեր իշխանականների պես ընկնել լավատեսական նիրվանայի մեջ Փաշինյանի բնորոշած` Պուտինի հետ շատ լավ հանդիպման մոտիվներով, չնայած Պուտինի պնդած «ԵՄ, թե ԵԱՏՄ» արագ ու հստակեցնող հանրաքվեի պահանջի, հետհանդիպումային ասուլիսում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ավելի կտրուկ տոնի:
Բայց մենք այդպես չենք վարվի, քանի որ այս` իրար ժխտելու համատարած մաքսիմալիզմի, ընդդիմության սկեպտիցիզմի եւ իշխանության ավելորդ լավատեսության պարագայում միշտ կարիքը կա այն սթափ ձայների, որոնք համակված չեն այսուայն կողմին պաշտպանելու մոլուցքով եւ իրականությունից կտրվելու անհեռատեսությամբ:
Որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր նորովի վերաձեւակերպման կարիքն ունեն, դա էլ վիճարկելի չէ, քանի որ շատ ջրեր են հոսել ե’ւ վերջին պատերազմի ընթացքում դեֆորմացված եւ հետո էլ ավելի ծռմռված հայ-ռուսական փոխհարաբերությունների առումով, ե’ւ հին ձեւաչափերն այլեւս չեն գործում աշխարհում էլ, հայ-ռուսական գործակցության հարթույթում էլ: Մենք շատերս ենք դժգոհում Ռուսաստանի պահվածքից, հայկական ապրանքների ներմուծմանն արգելակելու, քաղաքական առումով մեր ներքին գործերին չափազանց շատ խառնվելու երկդիմի պահվածքից:
Բայց նաեւ պարզ է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի գնալու տարածաշրջանից, պատմականորեն չի գնացել եւ հիմա չի գնա` այդ երկրի շահերն այստեղ ամենուր առկա են, այնպես որ հայ-ռուսական հարաբերությունների նոր ձեւակերպումը, որը կբխի Հայաստանի շահերից եւ չի անտեսի ռուսական գործոնը, հիմա առավել քան օրախնդիր է ու պետք է ելնի ոչ թե ցանկություններից եւ զգացմունքներից, անգամ ոչ էլ պատմական դրվածքից, այլ ռեալպոլիտիկից:
Եթե այս դիտանկյունից նայենք Փաշինյան-Պուտին վերջին անբարեհարմար հանդիպմանն ու այն պայմանավորվածությանն, ըստ որի շուտով Մոսկվայում ամեն ինչ հստակեցնող Փաշինյան-Պուտին նոր հանդիպում է լինելու, ապա իրավունք ունենք սպասելու, որ այս անգամ հայկական կողմը կներկայանա նորմալ-համալրված թիմով, նորմալ դիվանագիտական բալվանկաներով, քայլ-քայլ մտածված առաջարկներով, դիվանագիտոեն հաշվարկված բառուբանով, ու առիթ չի տա կոստյումը կոճկել-արձակելու, ինչ-որ բանից շփոթված կերպարանքը վերլուծելու տարընթերցումների: Անկախ այն բանից, որ Փաշինյանն, անշուշտ, լավատեսական շեշտադրումներ է անում եւ անելու է դեռ այդ հանդիպմանը:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: