«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
– Փաշինյանի օրակարգում այժմ Տիգրանաշենի հանձնման հարցն է: Նա ասել է, որ Տիգրանաշենը Քյարքի է անվանում, որպեսզի կանխի էսկալացիան:
– Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ ադրբեջանական շահերի հետ կապված հարցեր են։ Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ «Արցախ» բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիեւի ուզած սահմանադրությանը «ոչ» ասեք, պատերազմ կլինի, եւ այսպես շարունակ։
Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում՝ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները եւ Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, Անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։
Ոչ ոք հարց չի տալիս՝ ինչո՞ւ ադրբեջանական մեդիա տիրույթում երբեք չհայտնվեց որեւէ հայտարարություն կամ նյութ, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը։
– Նա նաեւ Տիգրանաշենը նույն հարթության վրա է դրել Ջերմուկի այն դիրքերի հետ, որոնք ադրբեջանցիները զավթել են:
– Այդ համեմատությունը չի բխում Փաշինյանի շահերից, որովհետեւ եթե ինքը հայտարարում է, որ եթե Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, որ հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից, ապա ինչպե՞ս կարող է բացատրել, որ դեռեւս 2024 թվականի հունվարի իր հարցազրույցում Ալիեւն ասում էր․ «Մենք ոչ մի տեղից հետ չենք քաշվելու։ Ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից․․․»։ Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկի գրավյալ տարածքներից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի իսկ հռչակած «Քյարքիի»։ Որովհետեւ Ադրբեջանը ո՛չ Արծվաշեն է մեզ տալու, ո՛չ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու։ Բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիեւի կամակատարի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: