ՀՀ-ն ՕՊԵԿ-ի հիմնադրամից 80 մլն եվրոյի վարկ կվերցնի (PAN.am)

Հայաստանը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ստանալու է 80 մլն եվրոյի վարկ՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հուլիսի 8-ին և 16-ին։ Հարցն ընդգրկված է եղել կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում և հավանության է արժանացել, հայտնում է Factor.am-ը:

Նախագծի համաձայն՝ տրամադրվող վարկը բյուջետային աջակցություն է և նախատեսվում է նաև 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։

Ծրագիրը համատեղ ֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 170․3 մլն եվրոյի հետ։ Այսպիսով, ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 250․3 մլն եվրո։

Այս տարվա պետական բյուջեում 537․5 մլրդ դրամի պակասուրդ կա, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 1․5 մլրդ դոլար։

Ֆինանսավորման տրամադրումը փոխկապակցված է Հայաստանի կողմից իրականացվող մի շարք տնտեսական բարեփոխումների հետ։ Դրանք հիմնականում ներառում են երկու ուղղություն՝ տնտեսության մրցունակության ու թվայնացման մակարդակի բարձրացում և կանաչ անցման ապահովում։

Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ընդունվել է «Ներդրումների մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է հստակեցնել ներդրողների պաշտպանության երաշխիքները։ Մաքսային համակարգում ներդրվում է Միասնական մաքսային հաշիվ։

Մրցակցության ոլորտում ընդլայնվում են համապատասխան հանձնաժողովի լիազորությունները, իսկ կառույցը վերանվանվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։

Թվային տնտեսության զարգացման ուղղությամբ ընդունվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները։

Ծրագրի մյուս առանցքային ուղղությունը կանաչ տնտեսության զարգացումն ու կլիմայական դիմակայունության բարձրացումն է։ 2026 թվականին ընդունվել է «Կլիմայի մասին» օրենքը, ներդրվում են ջերմոցային գազերի արտանետումների վերահսկման համակարգ և կանաչ տաքսոնոմիա։ Փոփոխություններ են նախատեսվում նաև օդի որակի գնահատման ոլորտում։

80 մլն եվրոյի վարկի մարման ժամկետը սահմանվել է 18 տարի, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։ Վարկի տոկոսադրույքը լողացող է և 2026 թվականի հուլիսի 30-ի դրությամբ կազմում է 4․241 տոկոս։

Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

Leave a comment