Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո

Քաղաքականություն

03.09.2026 | 15:51

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է իր հրաժարականի մասին, գրում է ERR-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարարը իր որոշման մասին հայտնել է «Aktuaalne kaamera» հեռուստահաղորդման եթերում։ «Ես  ինձ վրա կվերցնեմ պատասխանատվությունը, և վարչապետը պետք է նոր պաշտպանության նախարար գտնի»,-ասել է Պևկուրը։

Նրա հրաժարականի պատճառը Ուկրաինայի համար սպառազինության գնման շուրջ ծագած սկանդալն է։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, Eesti Ekspress-ը հրապարակել էր  հետաքննություն, որի համաձայն՝ 2024 թվականին Էստոնիան գրեթե 70 միլիոն եվրոյի ավանս է վճարել հնդկական ընկերությանը, որը պետք է արկեր մատակարարեր Ուկրաինային։ Մինչ այդ ընկերությունը երբևէ արկեր չէր վաճառել։ Էստոնիան և Ուկրաինան մինչ օրս չեն ստացել զինամթերքը։

«Aktuaalne kaamera» հաղորդման եթերում Պևկուրը հայտարարել է, որ տեսել է արկերի գնման պայմանագրերը, սակայն չի կարդացել դրանք։

«Պաշտպանության նախարարը պայմանագրերի շուրջ բանակցություններ չի վարում, պաշտպանության նախարարը չի հաշվում գուլպաների և արկերի քանակը։ Պաշտպանության նախարարը հիմնարար որոշում է կայացնում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ»,- ասել է Պևկուրը։

Դրանից կարճ ժամանակ առաջ Էստոնիայի Պետական վերահսկողության մարմինը հրապարակել էր պաշտպանության նախարարության աուդիտի արդյունքները՝ ուշադրություն հրավիրելով «ֆինանսավորման օգտագործման, ինչպես նաև ակտիվների և գույքագրման հաշվառման հետ կապված լուրջ խնդիրների» վրա։

Պևկուրը Էստոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment