ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն երբևէ չի ունեցել և ն չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
«Մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ հիմա նրանք ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում իրենց կարծես թե վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք։ Նման բան մեր մտքով երբևէ չի էլ անցել»,- ասել է վարչապետը, գրում է Sputnik Արմենիան։
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ նման որոշումն ազդեցություն կունենա Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց բազմաթիվ հարազատներ բնակվում են Հայաստանում։